Հայաստանի հավաքականի ավագ և «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամիս հայտնվել է «Inside United» ամսագրի շապիկին: Իր հարցազրույցում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը պատմել է, թե ինչպես է հայտնվել «կարմիր սատանաների» կազմում:
28-ամյա ֆուտբոլիստը պատմել է ,որ 13 տարեկանում մարզումներ է անցկացրել Բրազիլիայի «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբում իր ֆուտբոլային կարիերան զարգացնելու և խաղային փորձ ձեռք բերելու համար:
Մխիթարյանի խոսքով շատերը չեն հավատացել, որ ինքը մի օր ֆուտբոլիստ կդառնա:
«Շատերը պարզապես ծիծաղում էին և ասում, որ ես երբեք այսպիսի բարձունքի չեմ հասնի: Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ես դա հասկացա, երբ տեղափոխվեցի «Բորուսիա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու մասին Մխիթարյանն ասել է. «Ես երազում էի աշխարհի լավագույն թիմերից մեկի կազմում հանդես գալ, հիմա ես այստեղ եմ»: