Որոշ ժամանակ առաջ Իսպանիայի գործող թագավոր Խուան Կառլոսը հրաժարվել էր գահից՝ հօգուտ իր որդու`Ֆելիպեի: Ըստ ասեկոսեների` Խուան Կառլոսի նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում իսպանացիները նրան այդքան էլ չէին համակրում` իր վարած ցոփ ու շվայտ կյանքի, ինչպես նաև արտաամուսնական կապերի համար:
Ինչևէ, երեկ` կեսգիշերին, արքայազն Ֆելիպեն դարձել է Իսպանիայի նոր արքան և որպես երկրի նոր միապետ խորհրդարանի առաջ պաշտոնապես երդվել է՝ խոստանալով կառավարման ընթացքում հետևել Իսպանիայի սահմանադրությանը: Պակաս ուշագրավ չէ նաև այն, որ Իսպանիայի նոր թագուհի է դարձել Ֆելիպեի կինը` Լետիսիան: Այս առումով իսպանացիները դժգոհելու առիթ չունեն, քանի որ Լետիսիան նախքան ամուսնանալը եղել է լրագրող, վարել է հեռուստաշոու և նույնիսկ բնակարան գնելու համար վարկով գումար է վերցրել, այսինքն` շարքային իսպանացիներից ոչնչով չի տարբերվել: Ֆելիպեն և Լետիսիան ունեն երկու դուստր:
Նշենք, որ միապետը հիմնականում արարողակարգային դերակատարում ունի երկրի կառավարման հարցում: