▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ձերբակալել են Կարեն Վանեցյանին

Թարմացված․ Հայտարարություն գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի կողմից

Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային խոշոր գործարար մեր վստահորդ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) և գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում ստացել է մեծ հնչեղություն, իսկ այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն Կարեն Վանեցյանի ՌԴ-ում ձերբակալման վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․

1) Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը:

2) Կարեն Ռոբերտի Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկարատև տևողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում ՌԴ-ում:

3) Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության և քննչական մարմնի ունեցած վարկածն է: Իսկ վարկածը որպեսզի իրապես դառնա մեղադրանք՝ պետք է լինեն դրա մասին վկայող, կամ ավելի հստակ՝ փաստող տվյալներ: Սույն դեպքում Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ոչ տեսականորեն և ոչ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։

4) Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել:

Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբ՝

Արամ Վարդևանյան,

Արսեն Բաբայան,

Սոս Հակոբյան։

***

Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկել «Օլեյնա» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանին, ով Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի զարմիկն է։ Հայաստանում նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «РБК»–ն՝  վկայակոչելով իր աղբյուրներին։

Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։

«РБК»-ի աղբյուրները հայտնել են, որ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին