▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի տան տնօրենը պատմում է, թե ինչպես է ՀՀԿ պատգամավորը վիրավորել ու սպառնացել իրեն. Ձայնագրություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր բջջային հեռախոսից զանգահարել է Երևանում  «Մոսկվայի տան» տնօրենի ծառայողական հեռախոսահամարին, անհարգալից խոսել ու սպառնացել նրան անգամ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ. այսօր այս մասին մի շարք լրատվամիջոցների է պատմել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը:

Արմինե Թութունջյանի և Նաիրա Կարապետյանի միջև կոնֆլիկտի հասունացման պատճառ է դարձել  այն, որ Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հատկացման հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացված Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին անդամը մեկնել էր ԱՄՆ, և նրան փոխարինող նոր անդամ էր անհրաժեշտ: Գյումրիի մանկավարժական համալսարանից դեկան Վահան Մելքոնյանին տեղեկացվել է, որ նոր անդամը պետք է լինի կամ ռուսերենի մասնագետ և դեկան կամ ամբիոնի վարիչ` կրկին ռուսաց լեզվի և գրականության մասնագետ: Դեկանը տիկին Թութունջյանին տեղեկացրել է, որ նրանց հետ կկապվի Գայանե անունով մի կին, որն ամբիոնի վարիչն է:

Հաջորդ օրը զրույցը կայացել է Արմինե Թութունջյանի և Նաիրա Կարապետյանի մոր միջև, ով Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս է: Ըստ «Մոսկվայի տան» տնօրենի` խոսակցությունից մոտ մեկ ժամ անց զանգահարել է Նաիրա Կարապետյանն ու նրան սպառնացել, վիրավորել` պահանջելով ներողություն խնդրել իր մայրիկից:

Տիկին Թութունջյանը դիմել է Աժ էթիկայի հանձնաժողով. ուղարկված դիմում-բողոքում նա նշել է. «Խնդրում եմ պարզել տեղի ունեցածը, քանի որ երիտասարդ կին պատգամավոր Նաիրա Կարապետյանի պահվածքը անթույլատրելի եմ համարում։ Չեի ցանկանա այդպիսի ԱԺ պատգամավորներ տեսնել։ Հարցը լուրջ լուծում է պահանջում»: Ի դեպ, «Մոսկվայի տան» տնօրենը ցանկություն է հայտնել, որ էթիկայի հանձնաժողովի նիստը դռնբաց անցկացվի:

Ստորև կարող եք դիտել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանի ասուլիսի ձայնագրությունը:

Ի դեպ, ASEKOSE.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին