Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան.
«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:
Նախկին դիվանագետի կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում.
«Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետեւ դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր»:
Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, եւ ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետեւելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատեւ բանակցությունները:
«Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետեւ ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»:
Բրայզայի կարծիքով, Երեւանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ.
«Խոսքն այժմ գնում է նոր փոխզիջման մասին, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:
Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն