▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնթե Մելքոնյանի նկարը չհեռացնելու համար՝ Աշնակի գյուղապետին ազատել է աշխատանքից

Թարմացված․ Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղում սկանդալ է հասունացել: Այս մասին գրում է «Առավոտ»-ը: Գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է: Այդ պատրվակով պատից օրերս «մաքրվել» են Նժդեհի և Մոնթեի նկարները: Միջադեպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդվզել են, անհամաձայնություն են հայտնել, «միջոցառումն» իրականացվել է վեճի հասնող խոսքուզրույցով: Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից և 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլևս չի պաշտոնավարի: Աղբյուրի հետ զրույցում Սասուն Դավթյանը հայտնել է, որ իր կամքին հակառակ այնտեղ որոշվել է Աշնակի պարի խմբի նկարը դնել:

***

24News-ը գրում է, որ կայքին տեղեկություն էին փոխանցել, որ Թալին խոշորացված համայնքի ղեկավար,  ՔՊ-ական Տավրոս Սափեյանը աշխատանքից ազատել է Աշնակ համայնքի ղեկավար Սասուն Դավթյանին՝ Մոնթե Մելքոնյանի նկարը չհեռացնելու համար: 

«Մեզ հետ զրույցում Սասուն Դավթյանը չհերքեց, որ աշխատանքից ազատվել է, բայց նշեց, որ չի հեռացվել, այլ ինքն է դիմում գրել: Չհերքեց նաև այն, որ Մոնթե Մելքոնյանի նկարի հետ կապված խոսակցություն են ունեցել, բայց հետո «հասկացել են»  իրար:

«Էլ արդեն հերիք ա 13 տարի ա աշխատում եմ էդ ոլորտում: 
Մոնթեի նկարն էլ իմ սենյակում չի, այլ Մշակույթի տան պատին: Ինքը փոխարենն ուզում էր մշակութային նկար լիներ»,- մանրամասնեց Աշնակ համայնքի նախկին ղեկավար Սասուն Դավթյանը:

Այդուհանդերձ Դավթյանից հետաքրքրվեցինք՝  ո՞րն է աշխատանքից ազատվելու իրական պատճառը. 
«Վերջը ինչ-որ բանից լինում ա, ինչ-որ պատճառով ուզում ես աշխատանքդ փոխես, հազար բան կարա լինի»,- ասաց Դավթյանը:

Երեկվանից փորձում ենք կապ հաստատել Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի հետ, սակայն վերջինս ո´չ մեր զանգերին, ո´չ էլ նամակներին չպատասխանեց»,-գրում է սկզբնաղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին