Հեռուստահաղորդավար և դերասան Միխայիլ Գալուստյանն իր Instagram-ում հրապարակել է պապիկի լուսանկարը և խոստովանել, որ իր անձնագրային անունը Նշան Սերգեևիչ Գալուստյան է։
«Բոլորի համար ես Միշա Գալուստյանն եմ, բայց քչերը գիտեն, որ անձնագրում իմ անունը Նշան Սերգեևիչ է։ Ինձ անվանակոչել են իմ պապի՝ Նշան Գեորգիևիչ Գալուստյանի անունով։ Նա 18 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։ Նա պատրաստվում էր օդաչու դառնալ»,- հիշել է Գալուստյանը։
Հումորիստի խոսքով՝ այն ժամանակ պատերազմի պատճառով «օդանավակայաններից ոչինչ չէր մնացել», քանի որ դրանք ռմբակոծվել էին, ուստի Նշան Գալուստյանին ուղարկել են ծովային հետեւակ։ Դերասանը նշել է, որ զինվորների խնդիրն է եղել նավակներով զինամթերք հասցնել փոքր հողատարածք։
«Նրանց վրա կրակում էին, նավակները պայթում էին բառացիորեն նրա աչքի առաջ։ Այս մարտերից մեկում նա բեկորային վնասվածք ստացավ։ Բայց ողջ մնաց և իրականացրեց իր երազանքը՝ դառնալ կործանիչի օդաչու։ Նա, անշուշտ, զարմանալի մարդ էր: Հպարտ եմ, որ ինձ անվանակոչել են նրա անունով»,- ամփոփել է Գալուստյանը։