▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչեւ ե՞րբ պիտի շարունակէք այս Ձեր ոչ քրիստոնէական արարքները...

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և  այս տարվա մայիսին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Մարտիրոս Բերբերյանը նամակ է գրել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որը ներկայացնում ենք ստորև:

Նամակը` դասական ուղղագրությամբ է: 

Հիշեցնենք, որ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրն է, իսկ  Տեր Մարտիրոս Բերբերյանը կարգալույծ է եղել եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով: 

Եզրա՛ս Սրբազան,

Դուք շատ լաւ գիտէք որ վրէժխնդրութիւնը մահացու մեղք է։ Ճիշդն ասած` մինչեւ այսօր համբերած եմ իմ տղայի հանդէպ կատարուած վրէժխնդրութեանը` թոյլ չտալով Դաւիթին եկեղեցում ծառայել։ Ասկէ երկու շաբաթ առաջ, երբ Դաւիթը կիրակի օրը երէցկնոջս հետ եկաւ Սուրբ Պայծառակերպութիւն եկեղեցի, ամէն կիրակի օրուայ պէս շապիկը հագած կ’ուզեր Սուրբ խորան բարձրանալ: Յանկարծ եկեղեցուոյ լուսարարապետ Թադէոս քահանան,թոյլ չի տալիս` ասելով, որ Եզրաս Սրբազանը  երեխէքին արգիլել է խորան բարձրանալ` պատճառաբանելով, թէ իբրեւ թէ երեխէքը չեն գիտեր Սուրբ Պատարագի արարողութիւնը, պէտք է սորվին եւ ապա բարձրանան: Անշուշտ, շատ վատ հոգեկան վիճակի մէջ էր Դաւիթը, ու շատ դժուարութեամբ երէցկինը կարողացաւ համոզել Դաւիթին, որ սա իր հանդէպ ուղղուած քայլ չէ, այլ` բոլոր երեխէքին։

Նոյն գիշերը ես զանգեցի Տէր Թադէոսին` իմանալու համար պատճառը, սակայն Տէր Հայրը շատ «կիրթ» ձեւով ըսաւ, թէ ինք չի գիտեր, իբրեւ բոլոր եկեղեցիներու մէջ այդպէս է, ես ալ հարցուցի թէ սա ի՞ր որոշումն է թէ՞  Եզրաս Սրբազանի: Ինք պատասխանեց որ Սրբազանն է հրահանգել։ Ինծի համար արդէն ամէն ինչ շատ պարզ էր թէ ինչու Դաւիթին չթողեցին խորան բարձրանալ։

Այս Կիրակի Դաւիթը նորէն իր մայրիկի հետ գնացել էր եկեղեցի` Սուրբ Պատարագի մասնակցելու: Յանկարծ խորանի վրայ տեսնում են մի երեխայի որ մասնակցում է Սուրբ Պատարագին ու երբ Պատարագից յետոյ երէցկինը հարց է տալիս Տէր Թադէոսին, թէ ի՛նչ է պատճառը, որ ուրիշ երեխէք կարող են խորան բարձրանալ, իսկ Դաւիթը` ոչ, անշուշտ, Տէր Թադէոսը ուզում է համոզել երէցկնոջս որ երէխեքը Պատարագի երգեցողութիւնը չեն իմանում, եւ պէտք է սովորեն Սուրբ Յարութիւն եկեղեցուոյ մէջ եւ յետոյ կարող են Սուրբ Պայծառակերպութիւն եկեղեցուոյ մէջ խորան բարձրանալ: Սակայն ամբողջ ժողովուրդը կարող է վկայել, որ Դաւիթը շատ լաւ գիտէ Սուրբ Պատարագի երգեցողութիւնը եւ քանիցս արժանացել Սրբազանի գնահատանգին։ Ուրեմն, կարելի է եզրակացնել, թէ հարցը երեխաները չեն, այլ այն, որ Դաւիթը Տէր Մարտիրոսի տղան է։ Աստեղ հարց է ծագում. Տէր Մարտիրոսի հանդէպ վրէժխնդրութեամբ լեցուած Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսեանը շարունակում է հերթական հոգեւոր սպաննութիւնները, այս անգամ մի անմեղ հայ երեխայի նկատմամբ, որուն ամէնօրեայ երազն է ապագային հոգեւորական դառնալ, այն երեխան, որ դասարանում դասի հետեւելու փոխարէն սաղմոս եւ շարականներ է երգում։

Մինչեւ ե՞րբ պիտի շարունակէք այս Ձեր ոչ քրիստոնէական արարքները: Մենք հասկանում ենք, որ այսօր Ձեր դիրքը, որպէս եպիսկոպոս, հզօր է եւ ինչ որ ուզենաք, կ’անէք, ու մենատիրական ձեւով երկու եղբայրներով` Դուք եւ կաթողիկոսը, իբրեւ թէ ղեկավարում էք եկեղեցին` առանց որեւէ մէկ կանոնի գործադրութեան: Եւ առանց ամչնալու` կաթողիկոսի փաստաբանի դերն ստանձնած Տէր Վահրամը մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարում է, որ կաթողիկոսը եկեղեցին ղեկավարում է կանոնների համաձայն: Կ’երեւի կաթողիկոսը ուրիշ կանոնագիրք ունի, որով կառավարում է եկեղեցին: Մեր իմացած կանոններու մէջ չկայ այդպիսի յօդուած որը երեխէքին արգիլում է ծառայել եկեղեցուոյ մէջ: Մեր իմացած կանոններու մէջ չկայ այդպիսի յօդուած որ իրաւունք է տալիս երկու եղբօր միասին որոշել քահանայի մը կարգազրկումը: Մեր իմացած կանոններու մէջ չկայ այդպիսի յօդուած որ ալգիլում է ամէն կիրակի Պատարագ մատուցել մի եկեղեցուոյ մէջ, որտեղ կայ արդէն կայացած համայնք եւ ծուխ, եւ շատ-շատ ուրիշ կանոններ, որոնց շարքը երկար է։

Ես պիտի խնդրէի, որ վերջ տակ այս վրէժխնդրութեանը` յիշելով մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի խօսքը. «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լիներ, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծովը գցուէր»:

Սրբազա՛ն, եթէ կարծում էք որ այս ձեւով Տէր Մարտիրոսին ու իր ընտանիքի անդամներին կարող էք հեռացնել Հայ եկեղեցուց, շատ սխալւում էք: Ես կոչ եմ անում եպիսկոպոսներին ու հոգեւորականներուն, որ զարթնեն քնից, եւ տեսնեն թէ ի՛նչ է կատարւում մեր եկեղեցուոյ մէջ: Մի՛ վախեցէք, դուք Աւետարանի քարոզիչնե՛րն էք եւ լաւ յիշեցէք Քրիստոսի Խօսքը. «Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից»: Եթէ դուք լուռ մնաք, ուրեմն դուք ալ յանցակից էք լինելու այս բոլոր կատարուած ապօրինութիւններուն եւ մեղքերուն։

Ալ կը բաւէ՛. ժամանա՛կն է: Եթէ դուք չշարժիք, ժողովուրդն է շարժելու։

 

 

Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան

 

Կարդացեք նաև` Քո աչքի միջի գերանը նախ հանիր...Կարգալույծ եղած քահանայի նամակը Կաթողիկոսի եղբորը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին