▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնների նվիրատվություններ պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարներին ու նրանց կանանց

Նվիրատվությունների հեղինակների անունները չեն չհրապարակվում։

azatutyun.am-ը գրում է. Հայաստանում պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարները, նրանց կանայք տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների նվիրատվություններ են ստացել, այդպես էլ չհրապարակելով՝ ումից:

Չնայած այս հանգամանքին, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը առ այսօր չի մատնանշել որևէ պաշտոնյայի, ով հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը, և առ այսօր հայտնի չէ որևէ դեպք, երբ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք այս նվերները կապ ունե՞ն կոռուպցիոն ռիսկերի հետ:

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի՝ էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, օրինակ, պարզ է դառնում, որ չորս տարվա ընթացքում՝ 2011-2014 թվականներին, նա հանրությանը անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դոլարի նվիրատվություն: Ընդ որում, պաշտոնյայի ստացած նվիրատվությունները մի’շտ եղել են կլորիկ գումարներով և ամերիկյան արժույթով՝ 100 հազար, 150 հազար, 250 հազար, անգամ՝ 1 միլիոն 600 հազար դոլար:

Այս ոլորտում ստացած նվիրատվությունների գծով երկրորդ տեղում է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի տիկինը՝ Կարինե Մազմանյանը, ով չորս տարվա ընթացքում եկամուտ է ստացել միայն աշխատավարձի տեսքով՝ ամսական միջինը 180 հազար դրամ, ու հանկարծ՝ տպավորիչ նվիրատվություն՝ 100 հազար դոլար 2014 թվականին: Դարձյա՛լ կլոր գումար, ու դարձյա՛լ ամերիկյան արժույթով:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, մի փոքր ավելի համեստ է նվերներ ընդունելու հարցում, չնայած նա էլ չի խուսափել հանրությանը անհայտ բարեգործից նվեր ստանալուց. 2011 թվականին տիկին Սողոմոնյանին նվիրել են 15 հազար դոլար:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, այն, որ նշված նվիրատվությունները մի՛շտ կազմել են կլոր գումարներ, չնայած նախորդ տարիներին դրամի փոխարժեքի տատանումներին, վկայում է, որ այդ դեպքերը կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

«Նվիրատվությունը ամբողջովին կարելի է, ըստ էության, դիտարկել որպես բարձր կոռուպցիոն ռիսկային գործարք, որը որ նաև ամրապնդվում է մի շարք երկրների փորձով։ Շատ երկրներ, որոնք որ իրոք պայքարում են կոռուպցիայի դեմ, փորձում են առաջին կարգի փոխկապակցված անձանցից՝ հայրը, մայրը, բացի այլ նվերները ևս հարկեն», - ասաց Մանուկյանը։

Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի տիկնոջ՝ Արմինե Քոչարյանի ներկայացրած հայտարագրերը փաստում են՝ 2012, 2013 և 2014 թվականներին նա որևէ եկամուտ չի ունեցել, սակայն վերցրել է ընդհանուր առմամբ մոտ 530 հազար ԱՄՆ դոլարի վարկեր: Ընդ որում, նույն այդ ժամանակահատվածում Սարգիս Գրիգորյանի եկամուտը եղել է միայն նրա աշխատավարձը՝ ամսական միջինը 314 հազար դրամ:

Ի դեպ, այս ընթացքում՝ 2014 թվականին, վարչապետի վերահսկողական ծառայության պետի տիկինը հաջողացրել է գնել 100 հազար եվրոյի նկարներ՝ չունենալով որևէ եկամուտ:

Թանկարժեք նկարների մեծ սիրահար է նաև նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ով 2013-2014 թվականներին հինգ նկար է գնել՝ ավելի քան 100 հազար դոլարով:

Արդյոք հնարավո՞ր է երեք տարի անընդմեջ ավելի քան կես միլիոն դոլարի վարկ ստանալ, այն դեպքում, երբ ինքդ եկամուտ չունես, ամուսինդ էլ վաստակում է ամսական 314 հազար դրամ: Պատասխանը, թերևս, ակնհայտ է, բայց «Ազատություն»-ը ճշտեց հայաստանյան բանկերից մեկից։

Հարցին՝ հնարավո՞ր է վարկ ստանալ, եթե պաշտոնական փաստաթղթավորված եկամուտի որևէ աղբյուր չկա, բանկերից մեկից պատասխանեցին. - «Ցանկացած վարկատեսակ՝ և՛ առանց գրավի, և՛ վարկային գիծ, ցանկացածի դեպքում, պարտադիր պահանջ է՝ ներկայացնել տեղեկանք եկամուտների վերաբերյալ»։

Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է մոտ կես միլիոնի վարկ ստանալ, եթե ամսական աշխատավարձը մոտավորապես 314 հազար դրամ է, բանկից պատասխանեցին, որ ոչ։

Արտակ Մանուկյանի խոսքով, յուրաքանչյուր բանկի համար կարևոր է վարկի վերադարձելիությունը, և անգամ եթե վարկը տրվել է միայն գրավի դիմաց, միևնույն է, անհրաժեշտ է եկամուտ ողջ վարկը՝ ներառյալ տոկոսները, մարելու համար:

«Չնայած մեզ մոտ կենսամակարդակը գնալով անկում է ապրում, համենայն դեպս աղքատության ցուցանիշը հաստատուն մակարդակի մեջ է գտնվում, բայց այն բոլոր սուբյեկտները, որոնք ունեն փոխկապակցված անձինք, այսինքն՝ իրենց ամուսինները մեծապես, դրանց եկամուտները անշեղորեն աճում է», - ասաց Մանուկյանը։

Այլ օրինակ. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը 2011-2014 թվականների ընթացքում որպես եկամուտ ներկայացրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմել է միջինը 547 հազար դրամ: Փոխարենը, նրա տիկինը՝ Անուշ Ասլանյանը, մեծ հաջողությունների է հասել իր կարողությունը բազմապատկելու գործում. եթե 2011 թվականին տիկնոջ դրամական միջոցները կազմում էին մոտ 238 հազար դոլար, ապա երեք տարի անց ավելի քան կրկնապատկվել են՝ գերազանցելով կես միլիոն դոլարը: Բացի այդ, այդ ընթացքում Անուշ Ասլանյանը հաջողացրել է գնել ավելի քան 161 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք: Ընդ որում, նշված չորս տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի փոխնախագահի տիկինը եկամուտ ստացել է միայն փոխառություններ տալով՝ գրեթե 44․5 հազար դոլար, իսկ թե որտեղից են ի հայտ եկել մյուս միջոցները և ինչպես է բազմապատկել իր կարողությունը՝ հայտնի չէ:

Մոտ երեք շաբաթ առաջ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ազատության»-ը չկարողացավ ասել գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով ըստ հանձնաժողովի ուսումնասիրության հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Դիտարկմանը, թե հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը միայն 2014 թվականին 600 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել, և հարցին, թե կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ է, Սահակյանը պատասխանեց. - «Կարելի է այդտեղ ռիսկեր տեսնել, բայց դա հետագա քննություն ենթադրող գործընթաց է, որը չի գտնվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակում»։

Իրավապահ մարմինները այսօր չպատասխանեցին «Ազատության» հարցմանը՝ արդյոք մինչ օրս ուսումնասիրվե՞լ է՝ այս նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր պարունակո՞ւմ են, թե՞՝ ոչ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին