Մայիսի 22-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցավ WAPA-ի կողմից կազմակերպված «Հայաստանի լավագույն ձայներ» երգի հանրապետական մրցույթը, որի մանրամասների մասին Asekose.am-ը զրուցել է WAPA-ի հիմնադիր և նախագահ Արման Ղուկասյանի հետ:
Կպատմեք մրցույթի, դրա լրջության ու հնարավորությունների մասին:
«Հայաստանի լավագույն ձայները» երգի հանրապետական մրցույթն իսկական երաժշտական տոն է մեր երկրում: Հայաստնում մենք փորձում ենք այն իրականացնել տարին 4 անգամ: Այնքան շատ են մասնակիցները, որ հնարավոր չի լինում բոլորին մեկ մրցույթի ընթացքում լսել: Մինչև մրցույթը տեղի է ունենում փակ լսում, որին մասնակցնում են իրենց անծանոթ վոկալիստներ ու մասնագետներ, այնուհետև լավագույնները մասնակցում են մրցույթին:
Իսկ ինչ վերաբերում է մրցույթի լրջությանը՝ պատկերացրեք այն հիմնադրվել է 2014թ.ին: Հիմա արդեն աշխարհի 106 երկրներում ունենք ներկայացուցիչներ, շուրջ 64.000 անդամակիցներ, աշխարհի 54 երկրներում անցկացվում են մրցույթ փառատոններ՝ երգի, երաժշտության, պարի և այլ արվեստի բնագավառներում: Կան երկրներ, որոնք այս մրցույթ փառատոններն անցկացնում են պետության հովանու ներքո, այսինքն անցկացվում են պետական մակարդակով ու դա մեզ շատ է ուրախացնում, քանի-որ նրանք հասկանում են, թե որքան կարևոր է այս ամենը յուրաքանչուր երկրի համար:
Ինչու՞ են այդքան շատ մասնակիցներ ուզում լինել ձեր մրցույթում, ո՞րն է ձեր առավելությունը:
Սա ուղղակի մրցույթ չէ, և լավագույնները մեր մրցույթից չեն գնում ուղղակի մրցանակով: Նրանց համար սա կյանքի նոր փուլ է դառնում: Քանի որ ես հանդիսանում եմ WAPA-ի կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր նախագահը և քանի որ մրցույթն էլ հենց այս շրջանակներում է անցկացվում, այն շատ հեռատեսական է դառնում մասնակիցների համար: Նրանցից շատերն ինձ հետ միասին մեկնում են միջազգային WAPA-ին մասնակցելու, որտեղ ներկայացնում են Հայաստանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երգչի, մասնակցի համար սա մեծ հաղթանակ է: Բացի մրցանակից, լինում է նաև գումարի տեսքով մրցանակ, ստանում են տարբեր առաջարկներ, օրինակ՛ սովորել այս կամ այն աշխարհում հայտնի երաժտական ինստիտուտում, կամ այլ համաշխարհային մրցույթի մասնակցության առաջարկ են ստանում. այդպիսի օրինակներ մենք շատ ունենք:
Արդյո՞ք շատ են մասնակիցները Հայաստանից, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներկայացել են ու ինչ-որ տեղ են զբաղեցրել:
Մասնակիցները շատ-շատ են, ավելին, նրանցից շատերը վերադարձել են գլխավոր՝ Գրան Պրի մրցանակով, ինչը մեզ շատ է ուրախացնում: Մեր երկիրն արդեն 2014թ-ից մասնակցում է այս մրցույթին, ու այս տարիների ընթացքում մենք ավելի քան 80 Գրան պրի ունենք: Հայաստանը միշտ ուժեղ մասնակցով է ներկայանում ու դրա մասին նրանք արդեն գիտեն. մենք լուրջ մրցակից ենք մյուս բոլոր երկրների համար:
Ովքե՞ր են Հայաստանում ժյուրիի կազմում, ի՞նչ սկզբունքով եք ընտրում նրանց։
Մեր մրցույթի առավելություններից է նաև Ժյուրին: Մենք միշտ ընտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր մեծ վաստակ ունեն իրենց գործում, արվեստում: Դա կլինի դասական վոկալի, ջազի, էստրադայի և այս պարագայում կապ չունի, թե ո՞ր ֆորմատում: Այս անգամ էլ առաջնորդվեցինք նույն սկզբունքով:
Աննա Պողոսյան՝ օպերային ճանաչված երգչուհի, բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր:
Դիանա Հարությունյան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի, բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր:
Սաթենիկ Սարգսյան՝ վոկալի ուսուցչուհի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում: Սուսաննա Բարսեղյան՝ Գևորգ Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր:
Հրանտ Մուրադյան՝ հայտնի ժողովրդական երգիչ, «Ազգային ժողովրդական երգիչ» մրցույթի ֆինալիստ:
Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան՝ հայտնի ու սիրված երիչներ, բազմաթիվ հիթերի արդյունքում բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ՝ «Տարվա հայտնություն»՝ Ծիծեռնակ ազգային երժշտական մրցանակաբաշխություն, «Տարվա լավագույն դուետ», «Տարվա երգ» և այլն...
Շնորհակալություն ենք հայտնում նրանց իրենց ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, համբերության ու, առհասարակ, մասնակցության համար:
Այս անգամ գտնվե՞ց այն մեկը կամ մի քանիսը, ովքեր շանս ունեցան ներկայացնելու Հայաստանը աշխարհի ինչ-որ երկրում:
Այո, կարծում եմ ոչ թե մեկը, այլ՝ երկուսը: Նրանք իսկապես շատ լավ և ուժեղ մասնակիցներ են ու ես վստահ եմ, որ նրանց հետ դեռ ճանապարհ ունենք անցնելու:
Տեղյակ ենք, որ կորոնավիրուսի պատճառով միջազգային այս մրցույթը շարունակվում է ուղիղ միացման տարբերակով: Ե՞րբ է այն նախատեսվում, ու կա՞ն մասնակիցներ մեր երկրից:
Այո, մենք վերջերս անցկացրեցինք մեր հերթական online մրցույթը, դա մենք կարողանում ենք անել ամիսը 1 անգամ. այդպես մենք հնարավորություն ենք ունենում հնարավորինս շատ տաղանդավոր մարդկանց գտնել ու պատրաստել նրանց մեր միջազգային մրցույթին: Շուրջ 30 երկիր ամեն մրցույթին մասնկցության հայտ է ուղարկում:
Ի՞նչ պլաններ կան առջևում, ե՞րբ կլինի հաջորդ երաժշտական տոնը մեր երկրում:
Նախատեսում ենք նաև այս անգամ WAPA-ի միջազգային մրցույթը ակնցկացնել Հայաստանում, հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին: Այս անգամ մենք աշխարհի տարբեր երկրներից կհյուրընկալենք մասնակիցներ ու դա հրաշալի առիթ կլինի նաև ծանոթացնել նրանց մեր երկրի մշակույթին, ճարտարապետությանը, ճաշատեսակներին և այլ հրաշքներին: Հիմա մենք բանակցությունների փուլում ենք և շատ շուտով պարզ կլինի հստակ օրը: Բացի դա, մենք շատ այլ մեծ նախագեր ենք մշակում և շուտով ավելի ենք ընդլայնվելու:
Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան