▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ընտանիքն ու հայկական կողմն ընդդեմ Անկարայի առաջադրած եռանկյունու

Միջազգային ընտանիքն ու հայկական կողմն ընդդեմ Անկարայի առաջադրած եռանկյունու

(Ըստ Անկարայի առաջադրանքի)

Պուտին-Ռուհանի, Պուտին-Ալիեւ, Պուտին-Էրդողան, Պուտին-Սարգսյան անմիջական ժամանակի միջեւ իրար հաջորդող հանդիպումների ընդհանուր անունը, ինչպես նկատվում է Պուտինն է: Սա, իհարկե, պարզեցված տեսողականության արագ նկատելու խաղ չէ եւ հուշում է, որ գլխավոր խաղացողը, հարցերը համադրողը, հրավիրվող-հրավիրողը ՌԴ-ն է, որը հստակ ճիգի մեջ է տարածաշրջանում իր անշրջանցելիությունը վերընդգծելու, գլխավոր առանցքն իր շուրջը գոյացնելու եւ գործընթացների էպիկենտրոնը համարվելու հանգամանքը ամրակայելու:

Այս ճիգը ինքնին հուշում է, որ ռուսական գործոնի չեզոքացման ուղղությամբ որոշ ալիքավորումների դիմաց է, որ պաշտոնական Մոսկվան վերահաշվարկումների է դինում, նախ, հատկապես Անկարայի նկատմամբ ասված-չասված ներողությունը ընդունելով շատ արագ վերաբնականոնացման հարաբերություններ ձեռնարկելու: Նույն արագությամբ շրջադարձ կատարելու պատրաստ Անկարան եւս, որը Մոսկվայի նման շոշափելիորեն զգում է Արեւմուտքի կողմից մեկուսացման ենթարկված լինելու հետեւանքները, պատրաստակամություն է հայտնում ներողությունից աւելին էլ հայտարարելու:

Ոչ սիրիական պատերազմում ցարդ երեւացած եւ ոչ էլ Ղրիմի թաթարների ուղղությամբ կայացած Անկարա- Մոսկվա հակասություններում հիմնական որեւե փոփոխություն չի եղել: Նախադրյալներն էլ մտածելու տեղիք են տալիս, որ դժվար կհամատեղվեն մերձեցման գործընթացում եղող երկու երկրների շահերը: Քաղաքագիտական վերլուծաբանությունը այսօր բեկումնային հիմնական փոփոխություն չի ակնկալում աշխարհաքաղաքական օրակարգերում, նկատելով որ ճգնաժամային բնույթի հարցերում դժվար տեսանելի են երկու երկրների շահերի համատեղելիությունը: Ակնկալված արդյունքները կենտրոնանում են տնտեսական ապաշրջափակումների վրա եւ ավելի երկարաժամկետ կտրվածքով ուժանյութային ծրագրերի:

Հիմա անցում կատարենք հայկական հարցերին եւ այնտեղ եւս նկատենք, որ այս հանդիպումներին հաջորդած հայտարարություններում բեկումնային նոր պահ ստեղծված լինելու որեւե հիմնական նորություն չկա: Սա չի նշանակում, որ ամեն ինչ իր ընթացիկ եւ դասական եղանակով եւ կշռույթով է ընթանում եւ, որ Մոսկվան շահագրգռված չէ Արցախյան հակամարտության իր ուրույն ծրագիրը գործնականցնելու:

Առ այս պահը դեռեւս համոզիչ չէ այն, որ Մոսկվան, որ արդեն իսկ հիմնական դերակատարություն ուներ հակամարտության միջնորդական առաքելության իրականացման մեջ, լուրջ շարժառիթներ ունի ստատուս քվոն փոխելու: Պարզ է, որ ռուսական պարտադրանքով կասեցված քառօրյա պատերազմին պիտի հաջորդեին ռուսական գերմիջնորդությամբ բանակցություններ: Այդ բանակցությունների կարեւոր հանգրվաններ են Վիեննան եւ Պետերբուրգը. Ոչ ավելին:

Ստատուս քվոյի փոփոխության համար, թուրք եւ ադրբեջանական պատկերացումներով նախ պետք է փոխել միջնորդական առաքելության ձեւաչափը: Այստեղ միջազգային ընտանիքի որոշումներին համահունչ կեցվածք ունի Երեւանը: Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վերահայտարարեց, որ հայկական կողմը ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու դիրքի վրա է. այլ խոսքով, քառօրյա պատերազմին հաջորդած Վիեննայով եւ Պետերբուրգով որոշված երկկոմղանի հանձնառություններին: Այդ հանձնառությունների ստանձնումը արձանագրվել է ռուսական գերմիջնորդական ներկայությամբ եւ նրա համաձայնությամբ:

Սինչ, այս մաքոքային հանդիպումներից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութհան կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:

Նրա խոսքով` եթե «առաջին հերթին Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից», ապա տարածաշրջանում կարող է սկսվել կարգավորման գործընթաց: «Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից: Եթե բոլորը դա ընդունում են, ապա ինչու՞ վերջ չտալ այդ օկուպացիային»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանն ավելի քան 23 տարի է, ինչ չեն կարողանում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ներկայումս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի վրա»,- ասել է Էրդողանը:

Խոսելով Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձեւաչափի մասին` Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը, դրական են վերաբերվում այդ ձեւաչափին:

Նրա խոսքով` Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձեւաչափի ստեղծման հարցը. «Նման ձեւաչափի ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի իրադարձութհուններին հետեւելը եւ վերահսկելն է»,- ասել է Էրդողանը:

Հիմա ստացվում է այն, որ հայկական կողմը գնում է ընդառաջ միջազգային ընտանիքի ճշտած ձեւաչափին եւ միջնորդների ներկայությամբ կայացած պայմանավորվածությունների հանձնառու է մնում, մինչ Անկարան, ուղղակի ստանձնելով Բաքվի խոսնակի պաշտոնը այս հարցում, պարզ է դարձնում միջնորդական ձեւաչափի, ուրեմն միջազգային ընտանիքի առաջացրած խմբերի աշխատանքի մերժող լինելը:

Այստեղ խնդիրը ռուսական կողմի երկու ձեւաչափերում հայտնվելն է: Առաջինը՝ արդեն իրավական հիմք ունեցող եւ միջազգային ընտանիքի կողմից որոշված, երկրորդը՝ Անկարայի կողմից առաջարկված, որը խորքում, եթե մի կողմից Անկարայի ներգրավումն է հակամարտության լուծմանը, մյուս կողմից Արեւմուտքի`ԱՄՆ-ի եւ Եւրոպայի դուրս մղումն է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ընթացակարգից: Էրդողանն իր այս հայտարարություններով կամա թե ակամա քաղաքական խաղասեղանի վրա ճշտում է դիրքեր. միջազգային ընտանիքն ու հայկական կողմն ընդդեմ իր կողմից առաջադրվող Անկարա-Բաքու- Մոսկվա եռանկյունու:

Անկարայի կողմից թելադրվող խաղի այս կանոնը արդեն հուշում է, որ Արցախյան ստատուս քվոն փոխելու պահը անմիջականությունից հեռու է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին