«Միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որը բխել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի Հանրապետության շահերից, սակայն հուլիսի 4-ի ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացված նիստում արտգործնախարարների արած համատեղ հայտարարության մասին:
«Թե՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, թե՛ մենք՝ որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչներ և ես՝ որպես նախագահ, բազմիցս նշել ենք այն կարևորությունը, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացառապես պետք է ձգտեն պաշտպանել միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը և հիշեցրեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջին ՀԱՊԿ խորհրդի նիստում նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն հետաքրքրվել՝ իրենց դաշնակից երկրում ինչ իրավիճակ է:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հանրապետությանՆախագահի ճկուն ու խիստ քաղաքականության շնորհիվ էր:
Նա մատնանշեց հայտարարության այն կետերը, որոնք առանցքային էին և հիշարժան. «Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է, ընդունում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ նշելով երեք հայտնի սկզբունքները, այդ թվում, որը շատ կարևոր է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, մասնավորապես հենց Ղազախստանն էլ, որի նախագահը հայտնի է եղել ադրբեջանամետ քաղաքականությամբ, այստեղ՝ Երևանում, վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»:
Էդուարդ Շարմազանովն ուշադրություն հրավիրեց հայտարարության մեկ այլ կարևոր հատվածի վրա ևս. «Հստակ նշվում է հայտարարության մեջ, որ խնդիրը պետք է լուծվի համանախագահության ձևաչափով: Այսինքն՝ նորություն չէ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ինչու՞ չէ նաև այլ թուրքալեզու երկրներ, մշտապես ցանկացել են մեծացնել Թուրքիայի դերն այս տարածաշրջանում՝ խցկելով նրան որպես միջնորդ կողմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս հայտարարությամբ և՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահող երկիր, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը, որոնք լավ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, վերահաստատում են, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Թուրքիան այստեղ անելիք չունի»:
Ըստ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի՝ հայտարարության մեջ մյուս կարևոր մասն այն է, որ արտգործնախարարները վերահաստատեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
«Սա հստակ արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանը հետքայլ կատարեց և գրեթե հրաժարվեց ներդնել հետաքննության մեխանիզմները, ինչը ամրապնդված էր Վիեննայի փաստաթղթում: Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահ երկիր, առաջինը ցույց տվեց, որ նա համամիտ չէ պաշտոնական Բաքվի այդ հայտարարության հետ և վստահության մեխանիզմների ներդրումը առաջնային է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը ավելացնելով, որ հատկանշական է, որ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև Ղազախստանը և Բելառուսը:
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը, որը նախկինում ունենում էր հնարավորինս չեզոք դիրքորոշում, երբեմն նույնիսկ պրո-ադրբեջանական քաղաքականություն, հաստատեցին այն սկզբունքները, որը պաշտպանել էր հայկական կողմը: Սա կարելի է համարել հաջողություն: Միգուցե մենք մեծ քաղաքական թոհուբոհի մեջ դա չէինք նկատել, բայց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը գոնե երեք կետով հակահարված էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- ամփոփեց իր խոսքը Էդուարդ Շարմազանովը: