▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ-ը մերժել է Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության

Փաստինֆոն գրում է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակած վճռով մերժել է ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի և նրա երեք նախկին գործընկերների հայցն՝ ընդդեմ Հայաստանի:

Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո» գործակալությունը բացառիկ հարցազրույց է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

«Հայցի մերժումը  կարելի է արձանագրել որպես փաստ: Եվրոպական դատարան ներկայացրած գանգատում դիմումատուները պնդել էին, թե խախտվել է խոսքի ազատության իրավունքը և իրենց աշխատանքից ազատել էին իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար: Միաժամանակ, նշել էին, որ խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը, որովհետև, ըստ դիմումատուների, արդար դատաքննություն չէր վարվել աշխատանքից ազատման հայցը վիճարկելու հարցում: ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների հիման վրա Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում չկա: Մեր հիմնական փաստարկն այն էր, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է, որ դիվանագետները պետք է զերծ մնան քաղաքական գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումից: Այսինքն՝ նրանք ի սկզբանե, հանդիսանալով դիվանագետ, երբ դիմում էին նման քայլի, դրանով իսկ խախտում էին օրենքը»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Հարցին՝ հայցվոր կողմը դատական այլ ատյաններ դիմելու հնարավորությունի ունի՞, թե՞ ոչ Կոստանյանն արձագանքեց. «Այո, նրանք 3 ամսվա ընթացքում կարող են բողոքարկել վճիռը Եվրոպական դատարանի վերին պալատ, բայց բողոքարկման համար այնպիսի չափանիշներ են դրված, որ ես չեմ կարծում, թե Վերին պալատը նրանց բողոքը վարույթ կընդունի: Իմ խորին համոզմամբ, սա վերջին ատյանն է, որով արձանագրվեց մեր դիրքորոշումը»։ Ըստ նրա՝ այս վճռով հստակ սահմանվեց, որ Կառավարության դիրքորոշումը միանշանակ ճիշտ է և դրանով որևէ իրավունք չի խախտվել:

Նշենք, որ ԱԳ նախարարի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու իր գործընկերները 2008 թվականին ազատվել էին աշխատանքից նախագահական ընտրություններից հետո տարածած հայտարարության համար, որում նրանք կոչ էին արել իշխանություններին՝ պահանջելով «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում առկա առաջարկությունները կյանքի կոչելու համար»:

Հիշեցնենք, որ 2008թ-ի մարտյան դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս ընդդեմ ՀՀ կառավարության հայց էր ներկայացրել ՄԻԵԴ՝ իր ընտրական իրավունքները խախտելու պատճառաբանությամբ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ հայցը ևս մերժել էր՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած փաստերն առ այն, որ որևէ իրավունք չի խախտվել։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին