Հայաստանի բոլոր չարիքների, սոցիալական վիճակի, արտագաղթի, բանակի վիճակի, արդարադատության չգության, մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ առաջին նախագահի, սա, սակայն, այսբերգի միայն տեսանելի արմատն է: «Անտեսանելին 1998 թվականից ի վեր հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է: Այլ կերպ ասած, ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ 100 տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը»,- նշել է նա:
«Թե ինչպիսի կործանարար հետեւանքներ է հասցրել այս փիլիսոփայությունը, ավելորդ է ասել: Փաստն այն է, որ 1998 թվականին ունեինք մի երկիր, այսօր ապրում ենք բոլորովին այլ, գրեթե անճանաչելի երկրում»,- ասել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Այն խնդիրը, որ կարող էինք լուծել 18 տարի առաջ ավելի ուժեղ վիճակում, այժմ ստիպված ենք լուծել ավելի թուլացած վիճակում: Իսկ մի քիչ էլ հապաղելու դեպքում կհայտնվենք ավելի վատթար դրության մեջ»:
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ուղիղ միացմամբ: