ՀՀ գլխավոր օրենքի 55-րդ հոդվածը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, երբ պետք է նշանակել վարչապետ եւ կառավարություն, ըստ այդմ՝ վարչապետի հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում երկրի նախագահը նոր վարչապետ է նշանակում, իսկ նոր կառավարությունը ձեւավորվում է քսանօրյա ժամկետում:
Այն գործընթացը, որ սկսվեց եւ կշարունակվի Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, ամբողջովին սահմանադրական է եւ կարգավորվում է երկրի գլխավոր օրենքով:
Բառացիորեն մոտ երկու շաբաթ առաջ մի հարցազրույցում ասել էի, որ եթե երկրում վարչապետ փոխի կամ կառավարության, դա կլինի միայն այն դեպքում, երբ երկրի նախագահը կորոշի փոխել վարչապետին եւ կառավարությունը:
Այսօր ականատեսն ենք, որ երկրի նախագահը որոշում է կայացրել փոխել վարչապետին եւ նոր կառավարություն ձեւավորել, եւ, իզուր են որոշ գործիչների քառաձայն անհիմն տվայտանքները, թե իրենք այս գործում ինչ-որ դերակատարություն ունեն:
Քաղաքականության մեջ ցանկալին իրականության հետ շփոթելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
Կա իրական քաղաքականություն, կա քաղաքական մեծամասնության ղեկավար, ով որոշել է գնալ փոփոխությունների, սա է իրականությունը եւ պետք չի գերագնահատել սեփական հնարավորությունները:
Հ.Գ.
Արդեն որոշ անուններ են դրվում շրջանառության մեջ, որպես հավանական վարչապետացուներ.... քաղաքական կուբիկ-ռուբիկներ շատ ենք տեսել, բայց մեկ բան պետք է պարզ լինի ոմանց համար՝ վարչապետ կդառնա նա, ում մասին որոշում կկայացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր