▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի դրոշի նշանակությունը

Բավականին կոշտ է հնչում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, կապված Հայ-Թուրքական սահամանին սպանված թուրք հովվի մահվան կապակցությամբ:
Հայ-թուրքական սահամանին, սահմանի անգիտակցաբար հատման դեպքեր շատ են տեղի ունենում, քանի որ սահմանի երկայնքով մեկ, Թուրքիայի սահամանամերձ տարածքներում բնակավայրեր են գտնվում և տեղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Սակայն, կրակել խաղաղ բնակչի վրա, ով սահամանը խախտելու միտում չի ունեցել՝ անմեկնաբանելի է: Անհավանական է նաև այն տարբերակը, որ թուրք հովիվը փորձել է հատել սահմանը և այդ պատճառով կրակահերթ է բացել ռուս սահամանապահների ուղղությամբ և փոխհրաձգության արդյունքում, վիրավորվել և այնուհետև մահացել է: Չեմ հասկանում նման վարկածի իմաստը, երբ թուրք հովիվը պարզապես կարող էր հանձնվել և ապաստարան խնդրել ՀՀ իշխանություններից:
Տեղի ունեցած դեպքը, կարող է այդքան սրություն չունենար, եթե Հայ –Թուրքական և Հայ –Իրանական սահմանի պահպանումը չիրականացնեին ռուսական սահամանապահ զորքերը: Ինչպես և սպասելի էր, ոմանք այս դեպքին քաղաքական բնույթ հաղորդեցին, իբր թե ռուսները՝ հայերի համար նոր ճակատ են բացում, փորձելով բարդացնել Հայաստանի՝ առանց այն էլ հանգուցված հարաբերությունները հարևանների հետ: Թուրքիայի իշխանությունները, ինչպես և հարկն էր, արձագանքեցին միջադեպի կապակցությամբ՝ Հայաստանին հասկացնելով, որ այս ամենին դիվանագիտական մոտեցում է ցուցաբերվելու, այսինքն կտեսնեք, թե մենք ինչպես կպատասխանենք ձեզ: Իհարկե, Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարած նման քաղաքականության արդյունքում, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, ակամա ստանում են պատանդի կարգավիճակ, որը Հայ -Թուրքական հարաբերությունների վատթարացման սցենարի զարգացման դեպքում սպառնում է նաև թուրքաբնակ մեր հայրենակիցներին: Նշանակում է, որ մեր հայրենակիցները պարզապես պատանդներ են այս երկրներում, ում պատճառով Հայաստանը շանտաժի է ենթարկվում և հայտնվում է բարդ իրավիճակում, քանի որ մեր հայրենակիցներին արտաքսելու դեպքում, Հայաստանը կհայտնվի անելանելի ճգնաժամի մեջ (թերևս, որի մեջ է արդեն): Չի կարելի անտարբերության մատնել այն փաստը, որ Ռուսաստանը սկսել է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու տարբեր լծակների կիրառումը, որից մեկն էլ հանդիսանում է մեր հայրենակիցների նկատմամբ արտաքսման սպառնալիքի գործադրումն ու կիրառումը:
Թուքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, ակնհայտ սպառնալիք կա: Ըստ իմ մեկնաբանության, Թուրքիայի ԱԳՆ-ը, հայտարարության ենթատեքստում ակնարկում է, որ Հայաստանի նման պահվածքը, տարածաշրջանում հանդիսանում է պատերազմի հրահրիչ և որ դա անընդունելի է համարվում Թուրքիայի կառավարության կողմից: Ակնհայտ է, որ Թուրքիան կոչ է անում Հայաստանին վերանայել արտաքին քաղաքականությունը, որը կարծում եմ, որ իսկապես ձախողված է: Թուրքիայի դիրքորոշումն այսքան կոշտ չեր հնչի, եթե Հայ –Ռուսական հարաբերություններն այսքան լարված չլինեին, այստեղից կարելի եզրակացնել, որ Թուրքիան փորձում է շոշափել տարածաշրջանում՝ Ռուսաստանի ազդեցության և Հայ –Ռուսական հարաբերության լարվածության աստիճանը:
1993 թվականին, երբ ծառայում էի Գյումրիում տեղակայված ռուսական բանակում, մի միջադեպ տեղի ունեցավ: Այդ տարիներին, Գյումրիում տեղակայված ռուսական դիվիզիայում բարձրացված ռուսական դրոշը՝ փոխարինվեց հայկական դրոշով: Այդ ժամանակ, Թուրքական սահմանի մոտ, ՆԱՏՈ-ն զորավարժություններ էր անցկացնում, որի ժամանակ, տանկից արձակված մարտական արկը, պայթեց սահամանամերձ գյուղերից մեկի դաշտում: Շտապ, մարտական պատրաստվածության բերվեցին թե հայկական և թե ռուսական զորքերը: Անկեղծ, հիշում եմ, որ ընդամենը մի քանի ժամ անց, հայկական դրոշը փոխարինվեց ռուսական դրոշով և այնուհետև ՆԱՏՈ-ի կողմից բացատրություններ տրվեցին, որին հետևեց ափսոսանքի խոսքեր և այլ: Հրամանատարս, Աղվանստանում թալիբների դեմ կռված ռուս սպա էր, հիշում եմ, ծիծաղում էր և ասում, տեսնում ես մի դրոշի նշանակությունը, քանի այն կա, էս սահմանը ոչ ոք չի անցնի: Այսօր փաստ է, որ Հայաստանն իսկապես ապահովության երաշխիքների կարիք ունի: Իսկ թե ո՞վ կտա այդ երաշխիքը և որ երկրի դրոշը կծածանվի հայկական սահմանին՝ հայկական քամուց, տակավին դեռ մնում է արտաքին քաղաքականության խնդիրը:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին