ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանն ու Թևան Պողոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելու փաստին՝ ողջունելով այն.
«Պետք է հասնենք մի գիտակցության, որ այն, ինչ անհրաժեշտ է քաղաքական դաշտին, պետք է որոշի բնակչությունը: Եթե մեկը գա ու ասի, թե եկեք ֆաշիզմ քարոզենք, կասեմ՝ ոչ, դա օրենքի խախտում է, բայց, եթե գալիս ու ասում է, որ երկրի բարեկեցությունն է ցանկանում, թող գա և անի: Եկեք դատավոր չլինենք: Կամ սովորում ենք լինել ժողովրդավար երկիր, կամ դատավորի կարգավիճակ ենք ստանձնում»,-ասաց Թևան Պողոսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Արա Աբրահամյանի կողմից «Պուտինը միշտ ճիշտ է, «Ես ռուս եմ» արտահայտություններին, ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը նկատեց.
«Ռուսաստանի դաշնության նախագահը մեր բարեկամ երկրի նախագահն է: Իսկ Արա Աբրահամյանը մեծ ներդրում ունի հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ մնացածն իր անձնական կարծիքն է, իրեն հարցրեք»:
Անի Կարապետյան