Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն օրերս է վերադարձել ԱՄՆ-ից: Իր մասին լսած ասեկոսեների, երաժշտական հաջողությունների, ստեղծագործական նորությունների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:
-Ինչպե՞ս է իրեն հիշում Սիլվա Հակոբյանը մանկության տարիներին:
-Հիշում եմ ինձ շատ աշխույժ ու պայծառ. շատ էի սիրում խաղալ դրսում և միշտ արժանացել եմ անցորդների ուշադրությանը:Մի խոսքով` ինձ շատ են երես տվել ու շատ սիրված բալիկ եմ եղել, և դեռ այդ տարիքից էլ որոշված էր իմ ապագան, քանի որ երգել սկսել եմ դեռ մանկուց:
- Տաղանդավոր երգչուհի եք: Ո՞ւմ կողմից և ինչպես բացահայտվեց Ձեր տաղանդը:
-Բացահայտվել է հայրիկիս ընկերոջ կողմից, ով նույնպես երաժիշտ է: Եվ հենց նա էլ խորհուրդ է տվել հայրիկիս՝ հետևել իմ քայլերին, ինչն էլ հայրս անում է մինչ օրս մեծ սիրով ու նվիրվածությամբ:
-Նաև տաղանդավոր ընտանիք ունեք, հե՞շտ է ապրել այդքան տաղանդավորներով մեկ հարկի տակ:
-Ինձ համար շատ հեշտ է ու շատ հաճելի, քանի որ արվեստագետի կողքին միշտ պետք է լինի մեկը, ով ոչ միայն հոգ կտանի իր համար, այլև կօգնի շատ հարցերում: Ես այդ առումով շատ երջանիկ մարդ եմ, որովհետև իմ կողքին ոչ միայն ցավացող մարդիկ են, այլ նաև երաժշտագետ ու երաժշտասեր, ինչն իմ գործն ավելի է թեթևացնում:
-Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:
-Ինձ թվում է՝ հենց կյանքի իմաստը կպակասեր, քանի որ նախ առանց երաժշտության գրեթե անհնար է ապրել, և հետո, մենք երգի միջոցով փորձում ենք ներկայացնել կյանքում մեզ հանդիպած իրավիճակներ ու այդ ամենի լուծումն էլ տալիս ենք հենց երգերի միջոցով:
-Ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը երգարվեստում:
-Ես կարող եմ ասել, որ եղել են շատ խորհրդատուներ, որոնցից շատ բան եմ սովորել, բայց ուսուցիչ որպես այդպիսին չի եղել:
- Նոր եք վերադարձել ԱՄՆ-ից: Այնտեղի երգի շուկան գրավելու մտադրություն չկա՞:
-Ցանկություն կա և միշտ էլ եղել է, բայց ինչպես գիտեք՝ դա մեկ օրվա գործ չէ, և դրան հասնելու համար պետք են ոչ միայն ճիշտ անձինք, այլև համապատասխան միջոցներ: Ամեն դեպքում` մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր վաղեմի երազանքը ի կատար ածելու համար, իսկ կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
-Որտե՞ղ են Ձեզ ավելի ջերմ ընդունում, Հայաստանում, թե՞ արտասահմանում:
-Երկու վայրերում էլ: Ես երբևէ չեմ դժգոհել իմ հանդիսատեսից:
-Երբևէ Ձեզ անհանգստացրե՞լ են Ձեր երկրպագուները:
-Ո՛չ, նրանք ինձ միայն ուրախացրել ու ուժ են տվել՝ իրենց սիրով ու ներկայությամբ:
-Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:
-Դեռ ոչ:
-Ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի Սիլվայի կողակիցը:
-Այնպիսին, ինչպիսին կլինի: Առհասարակ, ես ինձ համար ասպետներ չեմ հորինում, քանի որ քաջ գիտակցում եմ, որ իդեալական մարդ գոյություն չունի այս աշխարհում:
-Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Առաջին հերթին սիրած էակ, ամուր ու ապահովված ընտանիք, առողջ բալիկներ, իսկ մնացածն արդեն ըստ ցանկության:
-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:
-Չբավարարվել ունեցածով, ձգտել ավելիին`պահպանելով մարդ տեսակը:
-Ո՞րն է համարվում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Ընտանիքս և հանդիսատեսիս սերը:
-«Ուշացել եմ ես արդեն…», կա՞ որևէ բան, որ չեք հասցրել ավարտին հասցնել:
-Միգուցե տարօրինակ կհնչի այն, ինչ որ հիմա կասեմ, բայց մի բան կա, որը չեմ հասցրել անել իմ կյանքում ,ու այն ինձ շատ է տանջում: Չեմ հասցրել վերջին հրաժեշտս տամ շունիկիս, որն արդեն երկու տարի է` մեզ հետ չի ապրում, ես նրան շատ եմ կարոտում…ով շունիկ է ունեցել ինձ կհասկանա…իսկ ընդհանրապես փորձում եմ սկսածս գործը միշտ ավարտին հասցնել:
-Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել և' աշխատանքին, և' նախասիրություններին:
-Նախասիրություններին այդքան էլ չէ, բայց աշխատանքի դեպքում ժամանակ միշտ գտնվում է:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Զվարճացրել է այն ասեկոսեն, երբ ինձ անհիմն նշանել կամ ամուսնացրել են, իսկ զայրացրել է, երբ փորձել են ինձ համեմատել կամ նմանացնել ինչ-որ երգչուհիների, և դա այն դեպքում, երբ համեմատելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ ունի իր առանձնահատկությունները:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ձախողումներին ու անհաջողություններին:
- Շատ նորմալ: Դրանք էտապներ են, որոնք լինում են բոլորի կյանքում, և առանց դրանց հաստատ անհետաքրքիր կլիներ:
-Կարող ե՞ք ասել, որ հասել եք Ձեր ուզածին:
-Իհարկե ոչ, դեռ ամեն ինչ առջևում է:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
-Մի քանի օրից կներկայացնեմ նոր տեսահոլովակ`նկարահանված «Leave a light on» երգիս հիման վրա: Հեղինակը հույն է, իսկ ռեժիսորը կրկին Արթուր Մանուկյանն է, ում հետ սա իմ արդեն թվով չորրորդ համագործակցությունն է, հուսամ` այն դուր կգա հանդիսատեսին: Եվ առաջիկայում ունեմ բազմաթիվ շրջագայություններ, իսկ մինչև տարեվերջ, կարծում եմ, կհասցնեմ նկարահանել ևս մեկ տեսահոլովակ:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:
-Ամենայն բարիք, սեր ու ժպիտներ: Շնորհակալ եմ, որ դուք կաք:
Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի