Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կարդացի Մհեր Արշակյանի հեղինակած «Դավի՛թ, դուք նմանվում եք ստալինյան դատախազ Վիշինսկուն» հոդվածը: Ճիշտն ասած, Դավիթ Հարությունյանի փաստաբանը չեմ, ոչ էլ ցանկանում եմ անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների «այ-ոչ» թեմային, հատկապես, որ «ոչ-ականությունը» դարձել է ոմանց գործունեության պաթոլոգիան... Հոդվածում կան մի քանի մտքեր, որոնց հետ ոչ միայն չեմ կարող համաձայնվել, այլև` ցանկանում եմ հրապարակայնորեն դրանք քննարկել:
Այսպես, Մ. Արշակյանը գրում է. «2007-ին մարդկանց վախեցնում էիք «մութ ու ցուրտ» տարիներով։ Պարզվեց՝ Տեր-Պետրոսյանը դրա հետ կապ չունի»: Իսկ ինչի՞ հետ կապ ունի Տեր-Պետրոսյանը, միայն ղարաբաղյան հաղթանակների՞: Իսկ, միգուցե, համոզե՞ք, որ «ցուրտ ու մութ» տարիներն ընդհանրապես չեն եղել, դա մեր բոլորի երևակայության արդյունքն է, իսկ բագրատյանական ռեֆորմների արդյունքում երկրի տնտեսությունը դարձավ ամենալավը Եվրոպայում: Իսկ «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածն ո՞վ է գրել, իսկ 93-ին ո՞վ էր պնդում Քարվաճառը հանձնել, ՀՀՇ-ի Գևորիկը՞:
«Ծնոտին» ազատությություն տալով` Մ. Արշակյանը շարունակում է. «Հենց մարտի 1-ի պատճառով է, որ նա(Ռոբերտ Քոչարյանը) հանգիստ խղճով է ուզում վերադառնալ, որովհետև գիտի, որ գոնե այդ արյան հետ ինքը կապ չունի։ Ինքը գիտի, որ մարտի 1-ի գաղափարախոսը Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանն էլ սա գիտի։ Որովհետև վերջինս միշտ էլ կրակելու գաղափարախոս է եղել։ Հիշում եք՝ նա էր Տեր-Պետրոսյանին առաջարկում 96-ի սեպտեմբերի 26-ին կրակել ժողովրդի վրա։ Վազգեն Մանուկյանը սա լավ գիտի։»
Իսկ ինչի՞ հետ կապ ունի 10 տարվա նախագահ Քոչարյանը. միայն հարստանալու՞, թե՞, այնուամենայնիվ, մարտի 1-ին Քոչարյանն էր գերագույն-գլխավոր հրամանատարն ու ձգանը սեղմելու միակ թույլ տվողը: Իսկ Տեր-Պետրոսյանը հե՞չ կապ չունի մարտի 1-ի հետ: Վազգեն Մանուկյանին լավ հիշեցիք, նրան նաև հարցրեք, թե Քոչարյանի ղեկավարած Ղարաբաղից քանի՞ դելեգացիա է եկել Հայաստան 96-ի այդ օրերին ու ի՞նչ պահանջներ է դրել Տեր-Պետրոսյանի առջև: Ավելի շուտ` այդ հարցը տվեք Արարքցյան Բաբկենին, ու չմոռանաք նաև հարցնել, թե ի՞նչ «սկզբունքով» էր այդ տարիներին իր պատրոնի` Տեր-Պետրոսյանի «լուռ համաձայնությամբ» Ղարաբաղում էլիտա ձևավորում, որովհետև 93-ին ազատագրված Քարվաճառն Ադրբեջանին հանձնելու լևոնական դավադրության վիժեցումը «դաս էր եղել» ՀՀՇ կարկառունների համար:
Ինչևէ, անցյալը սրբագրելն ու անցյալում սրբեր որոնելը անշնորհակալ ու անիմաստ գործ է, հատկապես, երբ դա արվում է ակնհայտ փնթիությամբ:
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: