Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ քուրդ առաջնորդը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Եթե քրդերը չձեռնարկեն այս գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Քուրդ ժողովրդի ինքնորոշման համար հիմա ամենաճիշտ ժամանակն է: Քրդերն իրենց անկախ պետությունն ստեղծելու համար ոչ ոքի թույլտվության կարիքը չունեն»: Բարզանին նաև անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող պատմաքաղաքական իրադարձություններին. «Այս հողերում հարկադրաբար կյանքի կոչվող քաղաքական որոշումների պատճառով 100 տարի է՝ այստեղ պատերազմ ու լարվածություն է տիրում», -նշել է նա: Քուրդ առաջնորդի կարծիքով՝ երկարատև պայքարից ու կորուստներից հետո քրդերը վերջապես պետք է իրենք կերտեն իրենց ապագան: Նա կոչ է արել բոլոր քրդերին՝ աջակցելու այս պատմական որոշմանը՝ ընդգծելով, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել:
Աղբյուր` Ermenihaber