▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերոնք բավական «ֆիրմա» տեսք ունեին. Հայտնիները՝ «Genealogy» խմբի ելույթի մասին

 

 

 

 

 

 

 

Երեկ Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ երկրորդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող  «Genealogy» խումբը: Ի ուրախություն մեզ՝ Հայաստանն արդեն եզրափակչում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց մի քանի հայտնիների հետ՝ ճշտելու, թե ինչ կարծիք ունեն նրանք հայաստանյան մասնակիցների ելույթի մասին և, բացի այդ՝ որ երկրներին են տալիս իրենց նախապատվությունը:

Asekose.am-ի հետ զրույցում Հայկոն, ով 2007թ-ին Հայաստանը  ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթում, նշեց, որ շատ է հավանել «Genealogy» խմբի ելույթը և, հատկապես, տպավորված է նրանց բեմադրությամբ.

«Ամեն ինչ շատ ճաշակով էր արված: Ինձ, հատկապես, դուր եկավ բեմի վրայի գրաֆիկան: Նշեմ նաև, որ ինձ համար մեր ելույթի ամենահուզիչ պահն այն էր, երբ մասնակիցներից յուրաքանչյուրը կանգնեց այն կետի վրա, որտեղից որ եկել էր: Ինչ վերաբերում է նրանց արտաքին տեսքին՝ ասեմ, որ, ինչպես մենք ենք սիրում ասել, նրանք բավական «ֆիրմա» տեսք ունեին: Եվ, իհարկե, չափազանց ուրախ եմ, որ  մենք անցանք եզրափակիչ փուլ՝ չնայած, որ անգամ կասկած չունեի դրանում»,- ասաց Հայկոն:

Անդրադառնալով բուն երգեցողությանը՝ երգահանը նշեց, որ ըստ նրա՝ «Genealogy» խմբի անդամներն ըստ արժանվույն են ներկայացել.

«Հաշվի առնելով այն հուզմունքը, որը որ լինում է նման դեպքերում, ինչպես նաև այն, որ նրանք պետք է կենդանի կատարմամբ ելույթ ունենային, ասեմ, որ մեր մասնակիցները շատ լավ են երգել. այն չնչին կիքսերը, որոնք որ եղան, թույլատրելի սահմաններում էին,- մեկնաբանեց Հայկոն:

Խոսելով հնարավոր հաղթանակի մասին՝ երգիչը դժվարացավ որևէ հստակ բան ասել, քանի որ, ինչպես ինքն է ասում, «Եվրատեսիլ» մրցույթը գրեթե միշտ կապուն են քաղաքական երևույթների հետ, և հենց դա է պատճառը, որ նա չցանկացավ որևէ կանխատեսումներ անել. Հայկոն նշեց միայն, որ ինքն իր մեջ հավատում է, որ մի օր Հայաստանն անպայման հաղթող կդառնա տվյալ մրցույթում.

«Ես հավատում եմ մեր հաղթանակին, որովհետև այս տարի շատ տաղանդավոր, ճաշակով, գեղեցիկ տեսքով հայեր են հավաքվել, այդ պատճառով էլ մեծ է ցանկությունս, որ Հայաստանը հաղթող դառնա»,- ավելացրեց Հայկոն:

Զրույցի վերջում երգիչը խոսեց նաև իր նախապատվությունը տված մասնակիցների մասին՝ ասելով, որ իրեն չափազանց հուզել են Ռուսաստանը և Էստոնինան ներկայացնող մասնակիցների ելույթները:

Asekose.am-ը կապ հաստատեց նաև երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով ասաց, որ չի դիտել երեկ տեղի ունեցած կիսաեզրափակիչ փուլը, բայց, այնուամենայնիվ, իր կարծիքը հայտնեց «Genealogy» խմբի մասնակիցների և, առհասարակ, մրցույթում ներկայանալու այս տարվա մեր գաղափարի մասին.

«Այս տարվա մեր մասնակիցներն իրենց մակարդակով, ճաշակով, լեզվի իմացությամբ և շարժուձևով էապես տարբերվում են մյուս երկրները ներկայացնող մասնակիցներից: Պետք է ասեմ, որ հպարտանում եմ նրանցով»,- իր կարծիքը հայտնեց Արթուր Իսպիրյանը:

Երգիչն իր հիացմունքն արտահայտեց նաև «Genealogy» խմբի գաղափարի մասին՝ ասելով, որ այդ ամենն իր համար  ուղղակի հանճարեղ է:

Խոսելով հնարավոր հաղթանակի մասին՝ Արթուր Իսպիրյանը նկատեց.

«Գտնում եմ, որ հաղթանակի հնարավություն ունենք, քանի որ «Genealogy» խմբի գաղափարը նորություն էր «Եվրատեսիլ»-ի համար, բացի այդ, հաղթանակի մյուս հնարավորությունը կայանում է նրանում, որ իմ կարծիքով մյուս երկրները, հաշվի առնելով ոչ թե մեր երգը և դրա որակը, այլ հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը, կքվեարկեն մեր օգտին և մենք կհայտնվենք եթե ոչ 1-ին, ապա՝ 2 հորիզոնականում»,- մեկնաբանեց երգիչը:

Անդրադառնալով նաև իր նախընտրած մասնակիցներին՝ Արթուր Իսպիրյանն ասաց, որ ծանոթ չէ ոչ մի մասնակցի երգին, քանի որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն իրեն մինչ եզրափակիչ փուլը բացարձակապես չի հետաքրքրում:

Asekose.am-ի հետ զրույցում Նադեժդա Սարգսյանը, անդրադառնալով «Genealogy» խմբի երեկվա ելույթին. ասաց.

«Այս տարի ինձ համար ամենակարևորն այն գաղափարն էր, որով որ մենք ներկայացանք: Տարբեր երկրներում ապրող մեր երիտասարդները կարողացան միախմբվել և հիանալի ելույթ ունենալ «Եվրատեսիլ»-ի բեմում: Երեկվա մեր ելույթը բավական բարձր եմ գնահատում, քանի որ ամեն ինչ շատ ճաշակով էր արված»,- «Genealogy» խմբի ելույթի մասին իր կարծիքը հայտնեց Նադեժդա Սարգսյանը:

Անդրադառնալով մասնակիցների երգեցողությանը՝ տկն. Սարգսյանն ասաց, որ ուշադրություն է դարձրել ամեն մի նոտային՝ հավելելով, որ մասնակիցների երեկվա ելույթը, իր համար, իսկապես բավական բարձր մակարդակի վրա էր:

«Մնում է միայն, որ մեր սփյուռքը համախմբվի և քվեարկի մեր մասնակիցների օգտին, քանի որ անգամ կասկած չունեմ, որ ժյուրիի անդամների կողմից մենք կստանանք ամենաբարձր միավորները»,- ավելացրեց Նադեժդա Սարգսյանը:

Երգչուհին խոսեց նաև իր նախընտրած և իր հավանությանն արժանացած մյուս երկրների ելույթների մասին.

«Ինձ շատ դուր եկավ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Պոլինա Գագարինան, ում ելույթից ես ուղղակի ապշած էի, ինչպես նաև հավանեցի Բելգիայի և Հունաստանի ներկայացուցիչների ելույթը»,- իր խոսքը եզրափակեց Նադեժդա Սարգսյանը:

Asekose.am-ը կապ հաստատեց նաև Հայաստանը 2013թ-ին «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ կարծիք չի կարող հայտնել, քանի որ չի հասցրել դիտել երեկ տեղի ունեցած կիսաեզրափակիչ մրցույթը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 23-ին:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին