Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները:
Երկու նախագահների ողջույնի խոսքերի սղագրությունը՝ ստորև.
«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում: Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք և ՀԱՊԿ և այժմ արդեն Եվրասիական միություն շրջանակներում: Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի: Մենք ունենք նաև երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի: Ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, և ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու և, իհարկե, քննարկելու նախկինում մեր ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաև ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է: Այս ժամանակահատվածում, իհարկե, տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ: Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որևէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են: Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ և շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան: Շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, շատ հաճելի է»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ Նախագահը հավելել է, որ հաճույքով կտեղեկացնի Նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի Նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին:
Հանդիպման ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով: