«ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում է: Նպատակները մի քանիսն են՝ հրադադարի պահպանման նկատմամբ հարգանքի ապահովում, նախագահների կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների իրականացում, տևական խաղաղության ապահովում: Խաղաղություն, որին արժանի է տարածաշրջանի ժողովուրդը»,-այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով.
«Կարգավորման բոլոր հարցերը քննարկման փուլում են գտնվում: Մենք ցանկանում ենք ամբողջական և անկեղծ քննարկում ոչ միայն առանձնազրույցներում, այլև հասարակության հետ: Ադրբեջանի նախագահ Ալիևը Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ քննարկում է սկսել: Սա մի բան է, որ բոլորս պետք է ողջունենք: Անկեղծ քննարկում պետք է ծավալենք: Կողմերի միջև դիրքորոշումները կարող են նույնական չլինել, կարևորը, որ այս հարցերը ներկայացվեն հասարակության դատին և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և ԼՂՀ-ում: Մենք ողջունում ենք Ալիևի այս հայտարարությունը: Բանակացային մաս կազմող բոլոր տարրերը պետք է շրջանառվեն և քննարկվեն: Ոչ միայն իմ, այլև կարծում եմ՝ հայերի ու ադրբեջանցիների երազանքը կողք կողքի խաղաղ, անվտանգ ապրելն է: Որպես միջնորդներ՝ մեր ջանքերն ուղղված են տևական խաղաղության ապահովմանը:Ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերն ու հասնել այնպիսի կարգավորման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»:
Անի Կարապետյան