Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ելույթ ունեցավ Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Զինված ուժերի զորահանդեսին:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ», - հայտարարեց նախագահը: - «Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել»:
«Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:
Վկան այս զորահանդեսն է», - ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է»:
«Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն»», - ասաց Հայաստանի նախագահը:
«Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել: Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:
«Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը: Ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զորահանդեսն է», - հայտարարեց նախագահը:
«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը: Փա՛ռք նոր արժեք ստեղծող հայաստանցուն:
Կեցցե՛ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը. միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել:
Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հավասարապես լծված են մեր երկրի զարգացումն ու պաշտպանությունը հետևողական առաջ տանելու գործին:
Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող և ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր», - ասաց Սերժ Սարգսյանը:
«Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը: Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին», - հայտարարեց նախագահը: