Զորիբալայանական կլանը չի հասցնելու հանձնել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը
Զորիբալայանական կլանը մարզպանության կարգավիճակով մեր երկրի կառավարումը պահպանելու դիմաց Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը հանձնելու հերթական դավադիր քայլն է կատարում:
Այս մասին օտար աղբյուրներում շրջանառվող լուրերը հաստատեցին կլանի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները:
Արցախի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Բակո Սահակյանը Մոսկվայում հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու այդ ենթակառույցը օգտագործելու համագործակցության հարցը: Իր հերթին՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայտարարել է. «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»: Ընդ որում՝ ըստ Լ. Մարտիրոսյանի՝ այստեղ որևէ նոր կամ արտառոց կամ առանձնապես մտահոգվելու բան չկա:
Փաստորեն՝ զորիբալայանական կլանը Արցախի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձի միջոցով ցույց է տալիս, որ Արցախը ինքնուրույն է հանձնվելու Ռուսաստանին, իսկ ՀՀԿ-ական պատգամավորի միջոցով հասկացնում է, որ Երևանը դեմ չէ այդ տարբերակին: Ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը ձգտում է իբրև թե խորհրդարանական կառավարում հաստատող նոր սահմանադրությունը անցկացնել ոչ միայն իր կառավարումը հավերժացնելու, այլև կառավարման ներկայիս անձնական պատասխանատվության համակարգը կոլեկտիվ անպատասխանատվության համակարգով փոխարինելու և նախատեսվող դավաճանությունը դեմքով անճանաչելի դարձնելու համար:
Իրադարձությունների նման զարգացումը ավելի արդիական է դարձնում զորիբալայանական կլանից օր առաջ ձերբազատվելու հրամայականը:
Նման զարգացումը նաև բոլոր ընդդիմադիր ուժերին և մեր ժողովրդին ուղղված ահազանգ է:
Համոզված եմ, որ այս ահազանգը տեղ է հասնելու և դեկտեմբերի 1-ին իրական ընդդիմությունն ու ժողովուրդը միասնաբար Ազատության հրապարակում են լինելու և համատեղ ջանքերով ազգադավ ու հանցավոր ռեժիմին հեռացնելու միջոցով կանխելու են երկիրը օտարին հանձնելու գործընթացը և մեզ ստրկացնելու համար հորինված նոր սահմանադրության ընդունումը: