▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կրկին արատավոր շրջապտույտի մեջ ենք

Արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու):

Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:

Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից և այլն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն, ինչ ներկայացված է Ընտրական օրենսգրքում, անընդունելի է.

«ԸՕ վերաբերյալ մենք հստակ դիրքորոշում ունենք: Շուրջ 10 տարի է, ինչ առաջարկներ ենք անում, որոնք անպատասխան են մնում: Մենք պայքարում էինք, որպեսզի վերանար 41 մեծամասնական ընտրական համակարգը և գործեր մեկ համակարգ, լիներ համամասնական ընտրացուցակ:

Բայց, հիմա մասնատել են ընտրատարածքները, ինչը վատագույն մեծամասնական ընտրահամակարգ է: Փաստորեն, այն, ինչ հայտարարել էին՝ սուտ էր: Մենք կրկին արատավոր շրջապտույտի մեջ ենք: Ես չեմ կարծում, որ իրենք զիջելու ցանկություն ունեն: Եթե ունենային, ապա գաղտնի փաստաթուղթ չէին պատրաստի ու Վենետիկի հանձնաժողով ուղարկեին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ կողմ է ընդդիմադիր ուժերի հետ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ միասնական մոտեցումներ մշակել:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա «Ժառանգություն»-ը կմասնակցի. «Շուտով կիմանաք, թե ինչ ձևաչափով: Մենք շատ ենք կարևորում դրանք, քանի որ ապագայի հիմքն են ու լիարժեք մասնակցելու ենք»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին