Aravot.am-ը գրում է.
«Նախ` Մամիկոն Ասլանյանն այլեւս Վանաձորի քաղաքապետ է, նրան ձայն են տվել 33 ավագանիներից 19-ը: Ուստի հարցականի տակ դնել Վանաձորի քաղաքապետի հետագա գործունեությունն՝ անհեթեթ եւ անիմաստ է: Երկրորդ` բոյկոտից տուժում են այն քաղաքական ուժերը, որոնք դա սկսել են: Դա եղել է եւ համապետական ընտրությունների մակարդակում, կլինի նաեւ Վանաձորի մակարդակում: Վանաձորցին ձայնը տվել է այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանը, որպեսզի նրանք գնան եւ ի շահ վանաձորցու աշխատեն, ոչ թե նստեն իրենց բազկաթոռին, քաղաքական կապրիզներով շերլոկհոլմսություն անեն` բացահայտեն` ո՞ր չորսն են ընտրել, ո՞նց ստացվեց: Այնպես որ, ոչ թե պետք է բոյկոտել, այլ գնալ նիստերին, առաջարկություններ անել, վերահսկողություն սահմանել, ձեւավորել քաղաքային բյուջեն եւ աշխատել»,- սրանք այն սկզբունքներն են, որոնք ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պետք է ելակետային ընդունել` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:
Երեկ, իր 48-ամյակի օրը, «Հայկական վերածնունդի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել: Դրանում անդրադարձ կա նաեւ Վանաձորում ստեղծված իրավիճակին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Կայքի հետ զրույցում ԱԺ փոխնախագահն անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի այդ հայտարարությանն ասաց, որ դա միանգամայն առողջ առաջարկ է. «Անհամեմատ ավելի կառուցողական, քան այն, ինչ որ այսօր անում են Վանաձորում երեք քաղաքական ուժերը` «Լուսավոր Հայաստանի» գլխավորությամբ»: Ըստ նրա, Արթուր Բաղդասարյանն այլընտրանք է առաջարկում. «Մարդիկ ստացել են որոշակի քանակությամբ ձայն: Ես այդպես հասկացա, որ առաջարկում են Վանաձորում իրենց բաժին պատասխանատվությունը վերցնեն եւ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ փորձեն ղեկավարել քաղաքը: Այդ հնարավորությունը տեսականորեն եւ գործնականում ես չեմ մերժում: Կլինի դա, թե` ոչ, ժամանակը եւ քննարկումները ցույց կտան, բայց ճիշտ ճանապարհը համագործակցությունն ու համերաշխությունն է, ոչ թե փոխադարձ մեղադրանքները եւ շանտաժի լեզվով խոսելը: Մենք մերժում ենք դա»: Այս համատեքստում, իր թիմակիցներին արած Արթուր Բաղդասարյանի առաջարկը, ըստ ԱԺ փոխնախագահի՝ կառուցողական է, բխում է վանաձորցու շահերից, քան քաղաքում առկա իրավիճակն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում