Շարունակվում է Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, մարտի 4-ին, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, մեկնարկած «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի մասնակիցները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս նոր ու հետաքրքիր զեկույցներով: Այդ շարքում Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը, զեկուցելով Ռուսաստանի հայ համայնքի մասին, ասաց. «Մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք գալիս են փաստելու, որ Ռուսաստանում հայկական համայնքը, որպես ինստիտուցիոնալ կառույց, լիարժեք չի ձևավորվել»,- «Քանի որ չկա ազգային գաղափարի հստակ պատկերացում և դեպի այդ գաղափարը տանող նպատակների ու միջոցների շուրջ համախմբում»:
(Մենք) «Նման ենք մի ճամփորդի, որ տնից ելել, անվերջ դեգերումներից հիշողությունը կորցրել ու այլևս ինքն էլ չգիտի թե ու՞ր է գնում: Բաժան-բաժան խմբերով, հիասթափված, ամենքս մեր անկյունում ինքներս մեզ փրկել չկարողացող՝ բազմաբնույթ միջոցացառումներով և համագումարներում Պարոնյանի ասած՝ օդի ջերմաստիճանը չափելով, «Հայրենիք ենք փրկում»,-ասաց նա։
«Ժամ» ամսագրի խմբագիրը մեջբերելով Ամենայն հայոց բանաստեղծ՝ Թումանյանի խոսքերն ասաց. «Փրկությունը ներսից պիտի գա»,- և հավելեց. «Որպեսզի այդ փրկությունը ծնվի, և հետո դեմ չառնի իրականության կարծր պատին, պետք է նախ մեր հոգեկան պարտքերը տանք։ Մենք պարտք ունենք տալու Սբ. Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն, Դավիթ Անհաղթ փիլիսոփային, Գրիգոր Նարեկացուն, մեր մյուս մեծերին, որոնք ավելի դաժան պայմաններում ստեղծեցին մեր այբուբենը, ամբողջովին համակարգեցին (հայոց լեզուն) ու դարձրեցին լիարժեք լեզու, որով գրեցին գրականություն, փիլիսոփայություն, շարականներ ու կերտեցին մեր պատմությունը»։ Աննա Գիվարգիզյանն ապա հարցով դիմեց դահլիճին. «Մենք ի՞նչ պատմություն ենք կերտում մեր սերունդների համար»,- Ու որպես պատասխան իր իսկ բարձրացրած հացին նշեց. «Գիտակցելով մեր ունեցվածքի արժեքը՝ մենք պարտավոր ենք մեծ բծախնդրությամբ ծառայել հայրենիքին՝ գործով, որում առաջին կետը պետք է լինի միավորված աշխատանքը»։
Նա հավելեց. «Բնականաբար, խնդիրներ կան նաև այլ երկրների հայկական համայնքներում։ Ուստի՝ ողջունելով այսօրվա մեր համագումարի բացումը, ես ակնկալիք ունեմ, որ սույն համագումարը եռօրյա աշխատանքային ժամերով չի սահմանափակվի, որ կընտրվի մի մարմին, որում կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, և համագումարը իր գործունեությունը կծավալի համագումարի ավարտից հետո։ Արվելիք աշխատանքի պատկերացմամբ և արվածի հաշվետվությամբ»։
Բանախոսն իր խոսքն ավարտեց՝ «մեր սուրբ պապերից մեզ ավանդված՝ «Ազգիս Հայոց՝ սեր, միություն...» փափագով»։
Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայանում է՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցով հանդես են գալիս եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Եւրոպայի Հայերու Համագումար
Տեղեկատվական բաժանմունք
05 Մարտի 2016թ.