▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենակ նստած եմ տանը` ոչ ոք չկա. ոչ տղա, ոչ թոռ.«Մարդակեր» բժշկի քայլերի արդյունքը

Տավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ «Փրկեք մեզ» խնդրանքով նամակ էին ուղարկել ASEKOSE.am-ին` բողոքելով ու պահանջելով փրկել իրենց «մարդասպան», «հանցագործ», Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից:

Նամակում նշված է, որ բնակիչները նրա հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, սակայն մարդասպանը անպատիժ ու հանգիստ խղճով դեռ զբաղեցնում է իր պաշտոնը` հովանավորվելով իր հանցակից վերնախավի կողմից: Բնակիչները հանդես են գալիս փաստերով ու ապացույցներով, որոնք դատարանները, ըստ նրանց, կոծկում են Արամ Հարությունյանի կաշառքների շնորհիվ:

«Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Արամ Հարությունյանը անպատժելիորեն յուրացրել է սահմանամերձ բնակավայրերին ու հայրենիքի պաշտպաններին ուղարկվող օգնությունները: Պատերազմի տարիներին նա վիրավորների մեծ մասին անդամալույծ է դարձրել` անհարկի կտրելով նրանց վնասված ձեռքերն ու ոտքերը, քանի որ դա ավելի հեշտ ու էժան էր, քան վերջույթը փրկելու համար նախատեսվող բուժումը:

Այս` գրեթե 30 տարիների ընթացքում Հարությունյանը չի իրականացրել մի վիրահատություն, որ չանցնի առանց բարդությունների ու հավելյալ վիրահատության անհրաժեշտության: Տավուշի մարզի քաղաքացիները ունեն փաստեր, թե ինչպես է նա հրամայում իր աշխատողներին կեղծել անալիզների արդյունքները և ստեղծել անհրաժեշտ վիրահատության պատրանք` անհարկի հեռացնելով իրեն դիմած հիվանդների 12-մատնյա աղիքի որդանման հավելվածները` «կույր աղիքները», չամուսնացած աղջնակների առողջ ձվարաններից մեկը: Բնակիչները տարիներ շարունակ աղաղակում են, որ նա իր հիվանդների օրգանները գողանում է:

Հիվանդանոցի ներսում ունի դեղատուն, որտեղ դեղերը առնվազն 5 անգամ թանկ են երկրի մնացած բոլոր դեղատներից (ՀԴՄ կտրոններն առկա են` որպես ապացույց): Սակայն հաշվեհարդար է սպառնում այն հիվանդին, ում հարազատները կփորձեն խուսանավել և դեղերը գնել քաղաքի այլ դեղատնից:

Բերդի տարածաշրջանի շտապօգնությունը վեր է ածվել Արամ Հարությունյանի գերշահութաբեր բիզնեսի: Շտապօգնության երեք մեքենաներից յուրաքանչյուրն ունի իր արժեքը` «Ուազը»` 20 հազար դրամ, «Գազելը»`50 հազար, «Ֆորդը»` 100-150 հազար: Իսկ անհետաձգելի համարվող դեպքերում կանչը մնում է անտեսված, քանի որ հիվանդանոցը ստիպված կլինի պետպատվերով բուժել»,- գրված է նամակում:

Բնակիչները նաև տեղեկացնում են, որ Նավուր գյուղից 14-ամյա Մարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:

Ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ:

ASEKOSE.am-ի թղթակիցը նամակում նշված աղմկահարույց դեպքերի հետքերով կապ հաստատեց մահացածների հարազատների հետ:

Կարինեի մայրը` Սվետա Աթոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նամակին` ասաց, որ ինքը նամակ չի ուղարկել, իսկ ինչ վերաբերում է դեպքին` պատասխանեց.

«Խնդիրներ եղել են և դրանք ինքս եմ լուծելու: Երկար տարիներ է` պայքարում եմ և ոչ ոք իմ կողքին չի կանգնել: Պայքարելու եմ նրա համար, որ աղջկաս մահվան հետ կապված անհերքելի հանգամանքները բացահայտվեն: Արյան մեջ բիցիլին է հայտնաբերվել, ով և ինչ իրավունքով է արել` անհայտ է: Իսկ հիմա իմ երեխային սպանած և անզգայացնող ներարկած Գագիկ Լևոնի Մելիքյանը, ով համաներումով ազատ է արձակվել`  ցանակնում է վերադառնալ աշխատանքի, ինչն անթույլատրելի է»:

Ինչ վերաբերում է Նավուր գյուղից 14-ամյա Մարինե Մադոյանի անալիզները կեղծելուն և նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկելուն, ինչպես նաև անհարկի ձվարանը հեռացնելուն, ապա  մեզ հետ զրույցում աղջկա հայրը`  Կոլյա Մարդանյանը հաստատեց այս ամենը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ.-ին և մինչ այսօր իր երեխայի մահվան պատճառը հայտնի չէ, աղջիկը փաստաթղթերով դեռ ողջ է»:

Սոսի մայրն էլ անդրադառնալով նամակին` ասաց  «Բա էտ բնակիչները որ բողոքել են, ինչո՞ւ բոլոր դեպքերը չեն ներկայացնում: Ճիշտ է, ես նամակից տեղյակ չեմ, բայց ամբողջ հանրապետությունը գիտի, որ իմ որդուն սպանել է Արամ Հարությունյանը` 10 տարի առաջ: Դատական պրոցեսներ են գնացել` չեմ կարողացել ոչ մի արդյունքի հասնել: Հիմա գլխավոր բժշկի կռվշտոց ա, քննություններ է լինելու, 5 տարին լրացել ա: Շատ բաներ կա, որ սխալ է գրված: Օրինակ, գրել են, թե 3-րդ վիրահատությունը Արամն է կատարել, բայց նա դա չի կատարել` նշանակել է: Ձեռքից խլել` տարել ենք հոսպիտալ, արդեն փրկել հնարավոր չէր, սիրտը կանգնել էր: Նշված է, որ 130.000 դրամ շտապօգնության համար եմ տվել բայց իրականում այն տվել եմ այն ժամանակ, երբ Էրեբունի էինք տեղափոխում»,-ասաց տիկին Ալվարդը` մանրամասնելով.

«Ոչ մի կոտրվածք չուներ երեխեն, ասաց` տարեք ինձ տուն: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, վիրահատություն կատարել է 25-ին: Ասում էր` Երևան չի հասնի, շտապ պետք է վիրահատենք: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացավ, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):

Իմ գործը հասավ մինչև Եվրադատարան, բայց լրիվ ծածկեցին: Երևանի քննչական վարչությունն էր զբաղվում այդ հարցով, գնացի-եկա, գնացի-եկա հետո գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ ժամկետ ես կորցրել: Նոր ի հայտ եկած հանգամանքներով ոչ մի որոշում չտվեցին: Կաշառք է տվել, անգամ այնտեղ նշվում է, որ Սոսի մահը տրավմատիկ բնույթ չունի: Թղթերը հավաքել` տվել եմ. առաջին ատյանի դատարանը մերժեց, վերաքննիչն էլ, դե վճռաբեկն էլ ոչինչ չի անում, թղթերը հետ է տալիս: Եվրադատարան նամակը ուղարկել ենք 2010թ. դեկտեմբերին, 2012թ. պատասխանեցին, թե ինչ-ինչ հոդվածներ չեն համապատասխանում: Մեր երեխեքը զոհեր են: Նախագհին էլ ասել եմ` խոստացար, ինչու չհանեցիր` ժողովուրդը պրծներ: Ժողովուդը վախենում է. քույրեը, բժիշկները: Ո՞ւր են, ինչու չեն բողոքում: Հիմա ես թոշակառու եմ, մենակ նստած եմ տանը, ոչ ոք չկա, ոչ տղա, ոչ թոռ…»

Ինչ վերաբերում է դեղատանը` բնակիչները փաստեցին, բժիշկները կանգնած` ասում է, թե գնացեք` այնտեղից առեք: Բավական է` մեկը գնա էժան տեղից առնի` չի թողնի:

Քաղաքացիները նշեցին, որ դիմել են բոլորին. Տավուշի մարզպետարան, ՀՀ Առողջապահության նախարարություն, դատարան: Ինչ վերաբերում է բժշկի ընտրությանը, ապա բնակիչների փաստմամբ եղել է մի երիտասարդ, ում ցանակցել են նշանակել, բայց, բնականբար չի ստացվել, համոզել` վարիչ են նշանակել, հիմա էլ նա դուրս է եկել: Ասենք գյուղից մեկը վատանում է` բժիշկ են կանչում Բերդից, վերջերս կանչել են` առանց թթվածնի բալոնի մեքենան հասել է, իսկ տղան` մահացել:

Պարզվում է` դեպքերի հետ կապված, տեղի բնակիչների  միակ օգնությունը տեղի հիվանդանոց չդիմելն է, ուրիշ ոչինչ…

Փաստի առիթով կապ հաստատեցինք ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ, ով և հարցին, թե զբաղվո՞ւմ են վերոնշյալ հարցով` պատասխանեց.

«Այո, իհարկե: Ճիշտ է, մենք իրավաբանորեն լիազորված չենք. Նրանց լիազորություններ տալիս է մարզպետը, այսինքն աշխատանքից ազատելը, նկատողություն անելը բացառապես  վերապահված է մարզպետին, բայց մենք իրավունք ունենք պահանջել և իմանալ, թե ինչ է կատարվում: Բոլոր դեպքերում պաշտոնապես նամակ ենք գրել Տավուշի մարզի առողջապահության վարչությանը, որպեսզի ուսումնասիրեն և զեկուցեն` ինչ է կատարվում և ինչն է պատճառը, որ նման բողոքներ կան»:

Սակայն, ինչպես երևում է, ՀՀ առողջապահության նախարարության ուղարկած նամակը տեղ չի հասել, քանի որ ոչ դրանից, ոչ բնակիչների բողոքներից այնտեղ տեղյակ չեն.

«Մեզ պաշտոնապես ոչ մի նամակ չի եկել: Մենք էլ ձեր նման ենք համացանցում կարդացել: Մեզ նամակ չի եկել, մենք որևէ բողոք չենք ստացել: Ոչ պաշտոնական և ոչ էլ` ոչ պաշտոնական: Իսկ տնօրենի գործունեությունից տեղյակ ենք, ոչ մի արտառոց բան չկա»,-պատասխանեց Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին