«Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, ով օրեր առաջ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով, շարունակում է վարել «Հայլուրը»։ Դա երեկ սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։ Մասնավորապես, լրագրող Արմեն Ղուլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Այլևս ոչ մի զսպող հանգամանք չկա...: Այսօր էլ նկատեցի, որ Հանրային հեռուստատեսության գլխավոր լրատվական ծրագիրը շարունակում է վարել Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը և հասկացա, որ այս իշխանությունների համար այլևս ոչ մի սահմանափակում գոյություն չունի...»։
Ղուլյանը նշել էր, որ դա նշանակում է դատախազության կողմից վերահսկվող եթեր ու ամենահետաքրքիրը հայաստանցիները ԲՈԼՈՐՈՎԻՆ դեմ չեն։ Խոսքն, ըստ նրա, անձի մասին չէ, այլ այն մասին, որ այլևս բացահայտ են անում այն, ինչ պարզապես չի կարելի անել։ Այս պարագայում չհամաձայնել Արմեն Ղուլյանի հետ, իհարկե, մի փոքր դժվար է։ Նրա գրառման տակ, ի դեպ, որոշ օգտատերեր ավելի կոշտ գրառումներ էին արել։
Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Քրիստինե Մելքոնյանն ասում է, թե ինքը մամուլի խոսնակ չէ, այլ խորհրդական՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով ու դա որևէ աղերս չունի Հանրային հեռուստատեսությունում իր աշխատանքի հետ։ «Մեկը մյուսի հետ կապ չունի։ «Հայլուրը» հեղինակային ծրագիր չէ, ես այնտեղ իմ դիրքորոշումը չեմ հայտնում, ես ընդամենը լուր փոխանցող եմ»,- ասում էր Քրիստինե Մելքոնյանը՝ նշելով, որ իր հիմնական աշխատանքը Հ1-ի աշխատանքն է»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: