▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ-մեկ բալիկիս ասում եմ՝ Եվուլիկ, դու խաչ ես ուզում քաշել իմ ամբողջ կարիերայի վրա.Մարինե Թագակչյան

Life.panorama.am-ը գրում է. Երգահան և հաղորդավարուհի Մարինե Թագակչյանը վերջին մեկ տարում գտնվում է հարգելի և ժամանակավոր դադարի շրջանում, ով այժմ վայելում է մայրության բերկրանքը: Մեզ հետ զրույցում այսօր Մարինեն պատմեց իր հաճելի հոգսերի, փոքրիկի և ամուսնու պահանջկոտության, հեռուստատեսային գործունեության շրջանում դադարի և օպերային արվեստից հրաժարվելու մասին:

Մեզ հետ զրույցում երգահանը նախ նշեց, որ մինչ դստեր՝ Եվայի, ծնունդը նախատեսել է գործունեության կարճ դադար. «Կարծում էի, երբ լրանար աղջկաս 40 օրեկանը, կկարողանայի վերադառնալ աշխատանքիս, բայց հասկացա, որ քանի բալիկս մեծանում է, այնքան ավելի մեծանում են նրա խնամքի անհրաժեշտությունը: Օրինակ՝ հիմա նա դեռ չի քայլում և հետևողականության անհրաժեշտություն կա: Խնամքը հենց սա է, միայն կերակրելն ու քնացնելը չէ: Դեռ հիմնական աշխատանքի անցնելը չեմ պատկերացնում,- նշեց Մարինեն ու հավելեց,- թեպետ արդեն սկսել եմ կորպորատիվ միջոցառումներ վարել, ինչը ինձնից ընդամենը մի քանի ժամ է խլում, որի ընթացքում տատիկները մեզ օգնում են: Այսինքն՝ որոշ առումներով, որոշ չափով աշխատանքին վերադարձել եմ»:

Խոսելով դադարից հաղորդավարուհին պատմեց հանդիսատեսի կողմից մոռացվելու իր վախերի մասին, որոնցից այնքան էլ չի անհանգստանում նա. «Իհարկե, երկար դադարից կարող ես մոռացվել, բայց, միաժամանակ, երկար հեռուստաէկրաններին լինելով էլ կարող ես հոգնեցնել: Վերջին տասը տարիների ընթացքում ես անընդհատ եթերում էի, ու հնարավոր էր հեռուստադիտողի մոտ կարծիք ստեղծվել, որ ես գործում եմ միայն նրա համար, որպեսզի ասպարեզում լինեմ, ինչը, իհարկե, այդպես չէր, բայց այս տարբերակում այս շրջանի իմ դադարը նույնիսկ լավ է, քանի որ իմ հանդիսատեսը կհասցնի հանգստանալ ու կարոտել ինձ, հետագայում էլ, եթե լինի իմ պահանջը, ես մեծ սիրով ու նոր ուժերով կներկայանամ իմ հեռուստադիտողին: Հետևաբար` երկու կողմից էլ պետք է նայենք այս հարցին՝ այո, կա մտավախություն, որ կմոռացվեմ, բայց նաև կա միտք, որ կկարոտեն ինձ,- նշեց նա ու հավելեց,-  ես չեմ էլ գտնում, որ անընդհատ պետք է լինել էկրաններին: Նույն երգիչների շրջանում ես սխալ եմ համարում, որ կա մի խումբ, ովքեր ամեն օր էկրաններին են, բայց կա մի փոքր շրջան, ովքեր ավելի քիչ են հայտնվում էկրաններին, բայց ավելի պահանջված են: Շատ էժանանալ էլ պետք չէ, այդպես շատ հասանելի ես դառնում, ես, համենայն դեպս, մխիթարվում եմ այս տարբերակով»:

Իսկ ահա երգարվեստում իր առաջիկա գործերից և այս ասպարեզում ևս կրկին դադարից  խոսելիս Մարինեն պատմեց. «Երգարվեստում ամեն բան շատ ավելի լուրջ է: Դարձյալ փոքրիկիս ողջ ուշադրությունը նվիրելու պատճառով մի գործ ունեմ, որ անընդհատ հետաձգվում է, որը հուսամ շուտով կիրականացնեմ: Խոսքը վերաբերվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նոր երգիս, որը կկատարի երգչուհի Աիդա Սարգսյանը»: Այս առումով ևս երգահանը նշեց, որ շատ են եղել նոր երգեր գրելու ցանկությունները, բայց կրկին խիստ զբաղվածության պատճառով դրանք իրագործել չի կարողացել. «Շատ են ցանկություններ լինում ստեղծագործելու, բայց դարձյալ աղջիկս թույլ չի տալիս: Մեկ-մեկ բալիկիս ասում եմ՝ Եվուլիկ դու խաչ ես ուզում քաշել իմ ամբողջ կարիերայի վրա»,- ժպիտով պատմեց նա:

Հիշելով ունեցած փորձը՝ Մարինե Թագակչյանը որպես երգչուհի հանդես գալու առումով զրույցի ընթացքում հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ. «Այլևս երբեք չեմ երգի: Նախկինում, երբ երգեցի, դա պարզապես ստեղծագործող մարդու մի դրսևորում էր, բայց երբեք չեմ պատրաստվել որպես լուրջ երգչուհի հանդես գալ: Լինելով օպերային երգչուհի՝ ես չեմ համարում, որ էստրադան իմ տեղն է,- նշեց Մարինեն, իսկ օպերային արվեստում չխորանալու առումով հավելեց,- Չցանկացա շարունակել կարիերաս օպերային արվեստում և չեմ զղջում, քանի որ Հայաստանում տեսնելով օպերային արվեստի այսօրվա պատկերը, անկեղծ ասած ուրախանում եմ: Հայաստանում օպերա երգելու համար կամ շատ մեծ սեր պետք է ունենաս, կամ այլընտրանք չունենաս: Օպերային երգիչները իսկապես շատ մեծ դպրոց են անցնում, բայց մեր երկրում չեն գնահատվում»:

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին