▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Պահք. Անառակի կիրակի

Հավատացյալներիս համար շարունակվում է Մեծ պահքի օրերում յուրահատուկ ճանապարհորդությունը. ճանապարհորդություն, որը մենք անցնում ենք մեր Տիրոջ հետ : Մեզ` անառակ որդիներիս, որ դրախտից սկսած պատվիրանազանց ենք լինում մեր հորը, վերադարձի ճանապարհ է տրվում : Իսկ այդ ճանապարհը մեզ ցուցանում է ինքը` Աստված` հատկապես Միածին Որդու օրինակով. պահք, աղոթք, նվիրում... Ահա այս ամենի մասին Աստվածորդին խոսում է մեզ հետ ինչպես ուղիղ քարոզներով, այնպես էլ յուրատիպ առակներով : Հենց այս առակ-ուղերձներն են բացում Պահքի շաբաթները: Շաբաթը բացող կիրակիներից է Անառակի միաշաբաթը` Անառակ որդու առակի ուղերձով: Աստվածաշնչյան այս թեման ոգեշնչել է ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կյանքով ապրողներին. տարբեր ժամանակներում այն ունեցել է տարբեր դրսևորումներ թե'պատկերագրության, թե' գրականության, ' թե քանդակագործության մեջ…
Անառակ որդու առակը մեզ ներկայացնում է մարդու երկու` «արդար, ազնիվ, բարի», և «չարաբարո, խաբեբա, կորուսյալ» խմբերը: Աստվածորդին առակում ներկայացնելով այս խմբերը`կոչ է անում զղջումի, կորածը վերագտնելու. սա ապագայատենչ պատգամ է` առհասարակ մարդու համար:
Իր բաժինը պահանջող որդին մարդկային այն խումբն է, որ մտածում է կյանքը կառուցելու և կազմակերպելու մասին` առանց Աստծու գոյության և ներկայության, կարծես մարդու այս խումբը մոռանում է բարոյականի և հոգևորի դերը: Նա փորձում է կառուցել կյանքն` առանց Աստծո ներկայության և միջամտության, բայց ինչ է տեղի ունենում. առանց Աստուծո սնուցման թվացյալ առաջխաղացումը կորստյան դուռ է բացում, հետևաբար կործանման է տանում Աստուծո և պատկերը և նմանությունը: Եվ երբ գիտակցում է իր կյանքում Տիրոջ դերի մասին, վերադառնում է Աստուծո առաջ կանգնելու և մեղա գալու, որպեսզի թողություն ստանալուց հետո շարունակի սնուցումը կատարյալ ու հավիտենական աղբյուրից: Առակում ներկայացված անառակը զգում է իր անկայուն ու անկյալ վիճակը, վերադառնում է ու վերստին արժանանում Աստուծո օրհնությանը:
Իսկ առակում հիշատակվող թվացյալ ՙարդարը՚ , բազում տարիներ ծառայելով հորը, իր մեջ պահում է նախանձի հատուկ դրսևորումը և պահը բաց չի թողնում դժգոհությամբ այպանելու կյանք տվողին, կյանք պարգևողին: Երկար տարիներ ծպտված` թաքցնում է իրական վիճակը, որ ճանապարհ է պատրաստում մարդու անկմանը: Հետևաբար դժգոհ է, նույնիսկ բողոք է ներկայացնում իր այդքան տարիների ծպտյալ ծառայությունը: Մարդու այս տեսակն արգելում է Աստուծո պատկերի փրկությունը և խոչնդոտում օրհնություն ստանալու ճանապարհը:
Իսկ Աստուծուց հեռացած մարդն արժանանում է ներման, և գթասիրտ Արարիչն էլ օրհնելով օրհնում է իրենից հեռացած վերադարձը: Վերադարձ` վայելելու Աստուծո հավիտենական օրհնությունը` կորած էր գտնվեց, մեռած էր կենդանացավ հայրական ցնծության արտահայտությամբ: 

 

Գաբրիել Վարդապետ

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին