▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մախաթը «Ֆեյսբուք»-ում թաքցնող պաշտոնյաները. «Ժողովուրդ»

Երեկ կեսօրին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խուճապային իրավիճակ էր: «ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները պատմեցին, որ Սոթք եւ Տրետուք համայնքների մոտով Հայաստանի տարածք են մտել ադրբեջանցիներ եւ թունավորել ջրի ակունքները: Դրանից հետո լուրեր են տարածվել, որ Քարվաճառից 14 տարեկան հայ հովիվ է կորել: Եվ այստեղից սկսվեց ողջ զավեշտը՝ ի ցույց դնելով արտակարգ իրավիճակներում որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունները, որն ամենաակտիվ կերպով դրսեւորվում է «Ֆեյսբուք»-ում գրառումներ անելով: Երբ պաշտոնապես փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս ժամեր շարունակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ երբ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այդ մասին, Արծրունը միանգամից հայտնվեց, զանգահարեց խմբագրություն եւ հրամայական տոնով՝ առանց հիմնավոր բացատրության, որ դա մեր երկրի համար վտանգավոր լուր է, պահանջեց կայքից «հանել տեղեկությունը»: Մենք ստիպված եղանք Արծրունին մանրամասնել իր կարգավիճակից բխող որոշ գործառույթներ:

Իսկ ամենացավալին այն էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ խուճապահար վարդենիսցիներին որեւէ պաշտոնյա (թեկուզ տեղական կամ մարզային իշխանության մակարդակով) չբարեհաճեց անձնական օրինակով ցույց տալ, որ պետք չէ խուճապի մատնվել:

Ի դեպ, երեկ Երեւանից ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Գեղարքունիքի մարզի բնակիչների մոտ դասախոսություն էին կարդում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եւ ոչ մի խոսք՝ խուճապի մասին:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.

 

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ, ԿՈՐԱԾ ՀՈՎԻՎՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ

 

Երեկ կեսօրին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խուճապային իրավիճակ էր: «ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչներն անհանգստացած պատմեցին, որ  Քարվաճառի հատվածում հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 14 տարեկան հայ հովիվը գերեվարվել է:

 

Անհիմն պահանջ

 

Ըստ այդ աղբյուրների՝ հուլիսի 8-ին չորս (որոշ տեղեկություններով՝ երկու) ադրբեջանցիներ Վարդենիսին հարակից Սոթք գյուղի կողքով մտել են Հայաստանի տարածք՝ հասնելով մինչեւ Քարվաճառ (Քելբաջար): Կեսօրին պտտվող տեղեկությունների համաձայն՝ հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, եւ նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին Քարվաճառի՝ հովվությամբ զբաղվող 14-ամյա մի բնակչի են գերեվարել: Հովվի ընտանիքն արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն:

«Ժողովուրդ»-ը բարեխղճորեն փորձեց իր տեղեկության հավաստիությունը ստուգել տարբեր աղբյուրներից: Նախ՝ պաշտոնապես փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս ժամեր շարունակ չպատասխանեց  մեր հեռախոսազանգերին: Ինչպես պարզվեց՝ Արարատի սարերում էր: Ու երբ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը հայտնվեց՝ ոչ ադեկվատ արձագանքով: Նա զանգահարեց խմբագրություն եւ հրամայական տոնով պահանջեց կայքից «հանել տեղեկությունը»՝ դրա համար հոդաբաշխ բացատրություն չներկայացնելով: Միայն ասաց. «Ես այդպես եմ նպատակահարմար գտնում»: Այդ խոսքերից հետո ստիպված եղանք Արծրունին բացատրել իր կարգավիճակը՝ մանրամասնելով. «Եթե մեր երկրի դեմ որեւէ բան կա եւ մեր հրապարակած տեղեկությունը կարող է օգտագործվել մեր երկրի դեմ, մենք պատրաստ ենք անմիջապես հեռացնել այն: Սակայն նախ եւ առաջ պետք է Վարդենիսի բնակիչների մոտ առաջացած խուճապը ցրել՝ անհրաժեշտ տեղեկատվական քաղցը հագեցնելով: Իսկ դուք դա անելու փոխարեն ձեր ամբիցիաներն եք ցուցադրում, ինչը ժպիտ է առաջացնում: Դուք իրավունք չունեք առանց բացատրության պահանջներ ներկայացնել մեզ»:

 

Զինվորականը հաստատեց

 

Այս ընթացքում «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետեւյալը. «Չէ, նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, ով հովիվ է եղել, կորել էր, ծնողները խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսիոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»:

Ինչպես նկատեցիք՝ Պողոս Պողոսյանը  հերքեց հակառակորդի դիվերսիոն հարձակման մասին բնակիչների անհանգստությունը, սակայն հաստատեց, որ երեխա է կորել: «Ժողովուրդ»-ը փորձեց գնալ կորած երեխայի հետքերով: Զրուցեցինք Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Աիդինյանի հետ, քանի որ լուրեր կային, որ անհետացած հովիվը հենց իր անասուններին է պահում: Սակայն քաղաքապետը պնդեց, թե նման բան չկա:

Ինչեւէ, կապ հաստատեցինք նաեւ Քարվաճառի ոստիկանապետի տեղակալ Սաղյանի հետ, ով ասաց, որ Քարվաճառի բնակիչ, 17-ամյա մի տղա իսկապես անհետացել է. «Անունը Սմբատ է, ման ենք գալիս, դեռ չենք գտնում: Կոնկրետ չեմ կարող ասել դիվերսոն հարձակման արյունքում է նա կորել, թե ոչ, անհայտ հանգամանք է: Բոլորը զբաղվում են դրանով»:  

Դիվերսիոն գործողությունների մասին էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց Սոթք համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը: Նրա խոսքերով՝ իրեն տեղեկություններ են հասել, որ Ղարաբաղի տարածքում չորս թուրք են տեսել. «Մեկին բռնել են, այն  երեքը փախել են: Հիմա փնտրում են դրանց: Իսկ այդ երեխայի մասին ոչինչ չգիտեմ»:

 

Մախաթը պարկում չեն պահում

 

Ու մինչ ՊՆ մամլո քարտուղարը հերքում էր armlur.am-ի տեղեկությունը, Yerkir.am-ը եւ այլ կայքեր երեկոյան զարգացրեցին թեման եւ լուր հրապարակեցին, որտեղ բառացիորեն ասվում էր. «Երեկ` հուլիսի 8-ին, երկու ադրբեջանցի անցել են ՀՀ սահմանը` հասնելով մինչեւ Քարվաճառ, որը գտնվում է Վարդենիսից քիչ հեռու: Նրանցից մեկին հայտնաբերել են, իսկ մյուսին հաջողվել է փախուստի դիմել: 14-ամյա տղայի` այսօր կորելու փաստը համընկել է այդ իրադարձությունների հետ, եւ վարդենիսցիները դա կապում են փախուստի դիմած ադրբեջանցու հետ»:

 

Թունավո՞ր էր ջուրը

 

Հիմա դառնանք խուճապի արմատներին: Ամեն ինչ սկսվել է Սոթք գյուղի բնակիչներից, ովքեր թունավորման ախտանիշներով երեկ դիմել են Վարդենիսի հիվանդանոց: Նրանք հայտնել են, որ կերել են ընդամենը վարունգ եւ լոլիկ: Այդտեղից առաջին հերթին կասկածներ են առաջացել, որ բանջարեղենը լվացած ջուրն է թունավորված եղել: Իսկ ինչի՞ց կարող էր թունավորվել ջուրը: Ահա այստեղ մարդիկ համադրել են դիվերսիոն հարձակման մասին ստացած տեղեկությունը, համաձայն որի՝ ադրբեջանցի դիվերսանտներից մեկի մոտ ինչ-որ քանակությամբ թույն են հայտնաբերել, որը կարող էր լցրած լինել Սոթքի ջրի մեջ: Ու թեեւ Վարդենիս մտնող աղբյուրները գալիս են Ակունք գյուղից, այնուամենայնիվ, մարդիկ երեկ վախենում էին ջուր օգտագործել. եռացնում էին այն: Վարդենիսի շատ վաճառակետերի աշխատողներ մեզ պատմեցին, որ երեկ ողջ օրվա ընթացքում խանութներում լայն սպառման ապրանքը դարձել էր շշալցված ջուրը:

 

Կենդանի շունչ չկա

 

Միգուցե ռազմավարական տեսանկյունից այս տեղեկությունը հրապարակելը այդքան էլ ճիշտ չէր, սակայն երեկ Հայաստանի Հանրապետությունում չգտնվեց որեւէ պետական մարմին կամ չինովնիկ, ով նախ՝ հոդաբաշխ բացատրություն տար, թե ինչու չէր կարելի հրապարակել այս մասին լուրը: Բացի այդ, երեկ այդպես էլ խուճապի մատնված վարդենիսցիներին որեւէ պաշտոնյա (թեկուզ տեղական կամ մարզային իշխանության մակարդակով) չբարեհաճեց անձնական օրինակով ցույց տալ, որ պետք չէ խուճապի մատնվել: Իսկ վարդենիսցիներից շատերը թունավորման եւ «ադրբեջանցիների հարձակման» մասին տեղեկությունները համադրել ու դուրս էին լցվել փողոցները՝ չկողմնորոշվելով ինչ անել, ում դիմել: Ճիշտ այնպես, ինչպես հուլիսի 7-ին Գյումրիում եւ Վանաձորում էին մարդիկ խուճապահար վիճակում դուրս եկել փողոց: Սակայն այդ մարզերի բնակիչներին այցելեց անձամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ մարդկանց աջակցելու եւ խուճապը ցրելու:

Իսկ վարդենիսցիների մոտ որեւէ մեկը չգնաց, չվերցրեց մի բաժակ ջուր խմեր՝ ի տես բոլորի ապացուցելու, որ քաղաքի ջրերը թունավորված չեն: Չքաջալերեցին մարդկանց, որպեսզի հաղթահարեն իրենց ապահով կյանքին պատուհասած վախը: Դե իսկ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը դեռ շարունակում է հանգստանալ Ֆրանսիայում՝ հավանաբար առավել կարեւոր գործերով, քան քաղաքի բնակիչների անդորրն է: Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա նրանք եւս «կոնտակտի» մեջ չմտան բնակիչների հետ:

Հուսանք, որ խուճապը կանցնի եւ ինչպես վստահեցրեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանը, ամեն ինչ կարգին է, ու մեր դիրքերն իսկապես ամուր են:

Հեղինակ` ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին