▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնակի ներման խնդրանք՝ երկու ցմահ բանտարկյալների փախուստների համար

Հետք.am-ը գրում է. Մի խումբ արվեստագետներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մարդասիրական խնդրանքով՝ կիրառել ՀՀ Սահմանադրությամբ նախագահին վերապահված ներման կամ թե՝ մասնակի ներման ինստիտուտը:  

«Խոսքը երկու ցմահ դատապարտյալների` Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի մասին է, ովքեր պատիժ են կրում մոտ 20 տարի, պայքարում են իրենց քրեական գործերի վերաբացման համար: Մահապատժի դատավճիռները կայացվել են 1995 և 1996 թթ.-ին, երբ կազմավորման փուլում էին բոլոր պետական համակարգերը, այդ թվում և՝ դատականը: Տասնյակ տարիներ գործերի վերաբացման խնդրանքով նրանց գրած դիմումներն ու վարույթները որևէ արդյունք չեն տվել: Չունենալով գործերի վերաբացման հնարավորություն՝ երկու բախտակիցները երկու անգամ փախուստ են կատարել բանտերից` 2004 և 2009 թվականներին: Ընդհանուր առմամբ, մեկ ամսից ավելի գտնվելով ազատության մեջ` չեն կատարել որևէ հանցավոր արարք: Նրանք փախուստներն անվանել են ակցիաներ` իրենց «մայր» քրեական գործերի վերանայմանն ուղղված: Այնինչ մեր օրենսդրությամբ փախուստը բանտից հանցագործություն է, և երկու դատապարտյալների ցմահ բանտարկության մեջ կլանվել է 15 տարվա պատժաչափ երկու փախուստների համար: Մասնագետները նշում են, որ 20 տարի պատիժը կրելուց հետո այդ կլանված 15 տարվա պատժաչափը կարող է խնդիրներ առաջացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմելիս:

Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995 թ.-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով. դատավոր՝ Մհեր Խաչատրյան (2003 թ-ի ՀՀ նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ):  

  • Սողոմոն Քոչարյանը «Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կամավորական ջոկատում մասնակցել է Շուռնուխի,Կոռնիձորի, Հորադիզի, Քարվաճառի, Միրքենդի, Ջեբրայիլի մարտերին:
  • Կուբաթլու-Լաչին օպերացիայում վիրավորվել է, ապա բուժումն անավարտ թողած՝ նորից կռվի դաշտ վերադարձել:
  • Երկու անգամ կոնտուզիա է ստացել, 1994-ին՝ ձեռքի ծանր բեկորային վնասվածք: 
  • Երկրորդ կարգի հաշմանդամ է, սակայն դատապարտումից ի վեր չի ստացել իր հասանելիք զինվորական թոշակը:
  • Մայրը թոշակառու է: Կինը մահացել է տարիներ առաջ ծանր հիվանդությունից, 2014-ի մարտի 1-ին ինքնասպանություն է գործել 19-ամյա աղջիկը՝ Սյուզի Քոչարյանը՝ կորցնելով հորը տեսնելու հույսը:
  • 2014-ին մայիսի 6-ին «Հետք» ինտերնետային թերթում հրապարակվել է «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը, որտեղ վկայակոչել է այս գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը համաձայն չի եղել Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայստանում Իրանի դեսպանը: Հակառակ դեպքում նա սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 
  • Այս հիմքով Քոչարյանի փաստաբանը 2014-ին դիմել է Գլխավոր դատախազություն, ապա և դատարան, սակայն գործի վերանայման վարույթ չի հարուցվել:

Մհեր Ենոքյանը 1996 թ-ին, Երևանի բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսում` 20 տարեկանում մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ ու դատապարտվել մահապատժի՝ դատավոր Զինավոր Ղուկասյան (2003 թ-ի ՀՀ նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել. «Մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չկարողացա փրկել ընկերոջս կյանքը»,-գրում է Ենոքյանն իր գրքերում: Մեղադրանքի և դատավճռի հիմքում մյուս մեղադրյալի անընդմեջ փոփոխված ցուցմունքներից մեկն է միայն: Քրեական գործի անկատարության մասին մինչ օրս վկայում են բազմաթիվ փաստաբանական ու մասնագիտական կարծիքներ, դատական վիճարկումներ: 

  • 2010 թ-ին Մհեր Ենոքյանի առաջարկով փոփոխություն է կատարվել «Մարդու օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում, փոխվել է հոդված 11-ի «դ», սահմանվել, որ ազատազրկման մեջ գտնվող անձը կարող է կենդանի դոնոր լինել իր մերձավոր հարազատի համար:
  • 2011 թ-ին լույս է տեսել ցմահ բանտարկյալի առաջին` «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գիրքը, որի վաճառքից ստացված հասույթը հեղինակի ցանկությամբ հարազատները փոխանցել են քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ «Օգնեմ» հիմնադրամին:
  • 2012 թ-ին նա ընդունվել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին:
  • 2013 թ-ին լույս է տեսել երկրորդ` «Զուգահեռ աշխարհում» գիրքը:
  • 2014 թ-ին լույս է տեսել 23 տարի խորհրդային բանտերում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն տարբերակը՝ Ենոքյանի թարգմանությամբ:
  • 2014-ին լույս է տեսել Ենոքյանի «Դեպի ցմահ Ազատություն» գիրքը:
  • 2014 թ.-ից ցմահ դատապարտյալը նաև աշխատում է (աննախադեպ է Հայաստանում) որպես Hetq.am-ի թղթակից բանտից: Hetq.am-ի էջերում կարելի է կարդալ նրա հոդվածները, հարցազրույցները, ստեղծագործություններն ամենատարբեր թեմաներով: 

Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, հաշվի առնելով, որ ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը դատապարտվել են նորանկախ Հայաստանի ստեղծման առաջին տարիներին, երբ սաղմնավորման փուլում էին տարբեր պետական համակարգեր, այդ թվում և դատական համակարգը, երկուսն էլ դատապարտվել են մեկ անձի սպանության մեղադրանքով, մոտ 20 տարի է՝ պատիժ են կրում, ազատության մեջ չեն կատարել հանցագործություն, ինչը վկայում է, որ նրանք վտանգավոր չեն հանրության համար, հակառակը՝ հանրություն վերադառնալու ակտիվ քայլեր են ձեռնարկում, զբաղվում հանրօգուտ աշխատանքով, դիմում ենք Ձեզ խնդրանքով` կիրառելու Ձեր բացառիկ իրավունքը` մասնակի ներում շնորհելով ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանին ու Մհեր Ենոքյանին: Խոսքը ցմահ ազատազրկման մեջ կլանված 15 տարվա պատժաչափի մասին է, որը կարող է լուրջ խնդիր լինել վերջինների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմելու համար:

Կիրառելով Ձեր բացառիկ իրավունքը՝ Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցի առթիվ, հնարավորություն կտաք այս մարդկանց՝ 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին