ASEKOSE.am–ի հարցերին պատասխանում է «Հայի աչքեր» , «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» և այլ երգերի հեղինակ, կոմպոզիտոր, հայտնի ֆրանսահայ երգիչ Մարտին Յորգանցը:
-Ինչպիսի՞ն է եղել Մարտին Յորգանցի մանկությունը: Որտե՞ղ եք սովորել:
- Հայկական դպրոց եմ ավարտել. սովորել եմ Կ. Պոլսի «Մխիթարյան» վարժարանում:
-Ե՞րբվանից եք սկսել ստեղծագործել:
- Սկսել եմ երգել 15 տարեկանից: Սկզբում օտար լեզուներով էի երգում, մասնավորապես` իտալերենով, հետո սկսեցի հայերեն երգել:
- Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է արիության Ձեր բնորոշումը:
-Այո, համամիտ եմ. բայց յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում այդ պայքարը:
- Ձեր սերունդն անգիր գիտի Ձեր երգերը: Նման բարի ու մանկական երգեր այսօր գրեթե չկան: Ի՞նչ կասեք այսօրվա հայկական շոու-բիզնեսի և մանկական երգերի մասին առհասարակ:
-Այո, ցավոք այսօր փոքրիկներին սովորեցնում են դժվար բառերով ու տգեղ մեղեդիներով երգեր:
1987 թվականին, երբ առաջին անգամ ունկնդրեցի «Արևիկ» խմբի երեխաների տաղանդավոր կատարումը, ոգևորվեցի և որոշեցի թեթև ու հաճելի երգեր գրել նրանց համար: Իսկ այսօր ամբողջ աշխարհում հնչում են իմ երգերը, ինչի համար անչափ երջանիկ եմ:
Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսին` կարող եմ ասել, որ այն անկախության տարիներից ի վեր բավականին փոփոխություններ է կրել: Ընդհանուր առմամբ, հայկական շոու-բիզնեսը,կարծում եմ, հաջողված է, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր ոլորտում տաղանադավոր մարդիկ շատ են:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել կամ զվարճացրել են Ձեզ:
-Բոլոր բամբասանքներն էլ զվարճալի են ու գովազդի նման են:
-Սիրո՞ւմ եք երևակայել թե՞ նախընտրում եք իրերը ռեալ տեսնել:
-Նախընտրում եմ երևակայել:
- Սիրո՞ւմ եք պլանավորել Ձեր կյանքը, թե՞...
-Ոչ, չեմ պլանավորում. թողնում եմ կյանքի «թևերի» մեջ: Նախընտրում եմ ապրել ուրախ, բարի ու անկեղծ մարդկանց կողքին, երգել այնքան, որքան Աստված կկամենա: Նախընտրում եմ ապրել այնպես, որ դիմացինիդ համար հաճելի լինի:
- Ասում են` ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Իսկ ինչպե՞ս եք նախընտրում ապրել Դուք:
-Հրաշքներ լինում են, եթե իսկապես ցանկանանք: Ես ապրում եմ ամենապարզ ձևով. լինել այնպիսին, ինչպիսին իրականում կամ:
-Ինչո՞վ է Մարտին Յորգանցը առանձնանում մյուսներից:
-Մարտին Յորգանցն ունի իր ոճը, որը ձևավորել է միայնակ: Նա պարզ է ու սրտանց:
- Ասում են` առաջին ծափերը երբեք չեն մոռացվում: Հիշու՞մ եք Ձեր առաջին ելույթը:
-Առաջին ելույթս եղել է մեր դպրոցի դահլիճում, երբ դեռ աշակերտ էի: Դա 1960 թվականին էր, Կ. Պոլսում: Հետո շատ շուտով դարձա պրոֆեսիոնալ երգիչ: Եղել եմ աշխարհի այն քաղաքներում, որտեղ հայեր են ապրում: Հայաստան այցելում եմ ոչ թե գործի բերումով, այլ` հաճույքի համար` երգելով առանց նյութական պահանջների:
-Կցանկանայի՞ք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում: Եթե` այո, ապա` ի՞նչ:
-Նույնսիկ եթե ցանկանայի փոխել իմ կյանքը, միևնույն է, կյանքը իր գործը կանի:
- Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:
-Երգը մարդու կյանքում նույնն է, ինչ օդը: Իսկ ինձ համար անհրաժեշտ սնունդ է, ընտանք, լավ ընկերներ ու, ի վերջո, առողջություն:
Հեղինակ` Անի Բեքիրյան