Երգչուհի Մարիին վիրահատել են: Վերջերս նոր տեսահոլովակով հանդես եկած Մարին ժամանակին էլ գանգատներ և որովայնի շրջանում ցավեր է ունեցել. «Հենց փորիս հատվածում ցավեր էի ունենում, մտածում էինք, հավանաբար կույրաղիքս է. այդպես մի քանի անգամ դիմել ենք բժշկի, ասել են` լուրջ բան չկա, բայց կարելի է հեռացնել այն»,-esyes.am-ին պատմել է Մարին:
Նա խոստովանել է, որ չի սիրում տաք հագնվել, ինչն էլ, հավանաբար, նման հետևանքների է բերել: «Օրեր առաջ սենյակիս պատուհանը գիշերը բաց էի թողել և քնել: Կեսգիշերն անց ցավեր ունեցա, որը տևեց ամբողջ գիշեր: Գնացինք հիվանդանոց և պարզվեց, որ պետք է վիրահատեն ինձ ու հեռացնեն կույրաղիքս»,-ասել է նա:
Պարզվում է, երգչուհին ոչ այնքան վիրահատությունից էր վախենում, որքան անզգայացումից, ինչի պատճառով էլ որոշել է զանգել բոլոր ընկերներին ու հրաժեշտ տալ. «Այնպես էի վախեցրել բոլորին, որ բժիշկներն ասում էին` այս պահին մայրիկդ ավելի շատ օգնության կարիք ունի, քան դու»:
Երգչուհու կամքով երեկ նրան դուրս են գրել հիվանդանոցից: «Բժիշկները չէին ուզում ինձ դուրս գրել, բայց ես համոզեցի ու ասացի, որ ինձ խելոք ու տաք կպահեմ, շատ չեմ շարժվի ու կպառկեմ մինչև վերքս լավանա, որ կարողանամ դասի գնալ ու աշխատել»,-եզրափակել է երգչուհին: