▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու բնածին ապուշությունը ազգություն չունի

Ոչ իշխանավորներն են հայ, ոչ էլ ընդդիմադիրները, որովհետեւ «Մարդու բնածին ապուշությունը ազգություն չունի»։
Հայը իրավունք չունի իշխանական կամ ընդդիմադիր լինել, չի ստացվում, էլի։ Ամեն ազգ պիտի զբաղվի իր գործով։ Գերմանացիները լավ ավտոմեքենաներ են սարքում, ամերիկացիները՝ համակարգիչներ, հայերի մոտ էլ ամենալավը արտագաղթն է ստացվում։ Դա բնածին պրոֆեսիոնալիզմ է։ Այ էստեղ են ասում՝ «Մի բաղվեք ինքնագործունեությամբ»»։ Այդ պատճառով էլ շուտով ես իմ լուման կներդնեմ արտագաղթային արվեստի ազգանվեր գործում։
Անգամ եթե մարդիկ համաձայն են «Ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը» մտքին՝ միեւնույն է, նրանք միշտ նոր իշխանություն են պահանջում, որ հիմա էլ միասնաբար, համախմբված ու մի մարդու պես սկսեն արժանի լինել նորին։ 
Ամեն մարդ թող իր գործով զբաղվի, դրա համար էլ պետք չի ստորանալ եւ կռանալ իշխանության առջեւ։ Իրենք կգան, կստորացնեն ու կկզացնեն։
Մենք գիտենք, որ պատգամավորները ժողովրդի ծառաներն են, բայց ժողովուրդը նրանց չի սիրում։ Կարելի է մտածել՝ «Չեք սիրում՝ մի պահեք»։ Ու ես չեմ հասկանում, թե անտիկ աշխարհում ինչո՞ւ էին ստրուկներն ու ծառաները ապստամբում, ասենք Հռոմի քաղաքացիների ու ժողովրդի դեմ ու թե ինչու է հիմա ժողովուրդը ապստամբում ժողովրդի ծառաների դեմ։
Ու ընդհանրապես՝ «Եթե մեզ միշտ էշի տեղ են դնում, դա դեռ չի նշանակում, թե մենք էշ չենք»։

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին