▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդկանց արժանիքները երբեք չի կարելի ստորադասել». Կարեն Կարապետյան

 

168.am-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ կառավարության հրաժարականի, ՀՀ վարչապետի առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանի և առաջիկա փոփոխությունների մասին:

– Պարոն Կարապետյան, կառավարությունը հրաժարական տվեց, շուտով կնշանակվի նոր վարչապետ, ում թեկնածությանն արդեն ՀՀԿ-ն հավանություն է տվել: Ինչո՞ւ հենց հիմա նման քայլ կատարվեց:

– Ցանկացած փոփոխություն ամեն ոք գնահատում է յուրովի: Բնականաբար, ինքս էլ իմ մոտեցումներն ունեմ: Սակայն այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Առիթ կլինի մանրամասն անդրադառնալ այդ հարցին: Դրա համար ժամանակ կա: Կլինի պաշտոնական նշանակում, կձևավորվի կառավարություն, կներկայացվի կառավարության գործունեության ծրագիր, այն ժամանակ կարելի կլինի խոսել: Շտապելը ոչ մի տեղ չի տանում:

– Այդուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ առկա՞ էր արդյոք այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը:

– Կարծում եմ՝ այո, օբյեկտիվ անհրաժեշտություն կար: Չթերագնահատելով անցյալը՝ միշտ պետք է նայել ապագային: Սակայն, կրկնում եմ, հիմա ավելին խոսել չեմ ցանկանում:

– Ի դեպ, վերջին շրջանում Ձեր և Ձեր եղբոր՝ Սամվել Կարապետյանի անունը շոշափվում էր Սերժիկ Ավետիսյանի՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ նշանակվելու կապակցությամբ: Նշվում է, որ նա ձեր բարեկամն է…

– Ծանոթ եմ նման մի քանի հրապարակումների և ափսոսում եմ նման մակերեսային մոտեցման համար: Տաշիրի բնակչության մեծամասնությունը ներգաղթել է 1828 թվականին: Մասնավորաբար մեր գյուղը հիմնադրվել է գաղթական յոթ ընտանիքների կողմից, որոնցից մեկն Ավետիսյանների ընտանիքն է, մեր ժողովրդի խոսքով ասած՝ Ավետիսենց ընտանիքը: Տարիներ շարունակ այդ ազգի տղաները դպրոցը չէին ավարտում, 5-6-րդ դասարանից հետո ուղղակի չէին շարունակում ուսումը: Իսկ ահա երկու եղբայրներ՝ Սերժիկն ու Սպարտակը, որոնց հայրը հովիվ էր, գերազանցությամբ ավարտեցին թե՛ միջնակարգ դպրոցը, թե՛ Ռուսաստանի լավագույններից համարվող բուհերն ու այսօր գիտությունների դոկտորներ են: Իրենց անցած տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ ոչ թե ոմանց նման (որոնց հետ զրուցելիս, սակայն, 7-րդ դասարանի կրթություն ստացածի տպավորություն են թողնում) գնված դոկտորականներով են առաջ գնում, այլ իրենց ուժերով, որպես իսկական գիտության մարդիկ: Ու այս պարագայում չկա ո՛չ Սամվելի, ո՛չ էլ Կարենի գործոնը:

Գուցե թե մի քանի տեղ ուղղակի մեր կարծիքը հայտնած լինենք նրանց մասին՝ որպես արժանավոր մարդկանց, բայց ոչ ավելին: Նրանք իրենց հաջողությունների համար պարտական են իրենց հովիվ հորն ու հենց իրենք իրենց… Ես հպարտանում եմ իրենցով: Ավելին, երբեմն իմ հարազատներին, իմ զավակներին բերում եմ հենց իրենց օրինակը: Մեր տարածաշրջանը բավական հայտնի անուններ շատ է տվել: Բոլորին չեմ շեշտի, բայց, օրինակ, Գևորգ Ջահուկյանի նման մեծագույն գիտնական է տվել մեր հողը: Ճիշտ է, նյութապաշտության մեր ժամանակներում գուցե որոշ դմբուզների համար անծանոթ ու անհասկանալի լինեն նման անունները, բայց գոնե մեր ընտանիքի համար նրանք ուղղակի արժեք են: Արժեք է նաև իմ նշած հովիվն ու իր կյանքը, ով դժվարին պայմաններում առաջնայնությունը տվել է իր զավակների կրթությանը: Եվ փոխանակ գնահատելու նման մոտեցումը, փոխանակ գնահատելու սեփական ուժերով ու չարչարանքով որևէ արդյունքի հասնող մարդկանց, փորձում են ամեն ինչ հանգեցնել «քենակալ», «քեռակալ» կամ նման այլ հարաբերությունների… Իսկապես բարոյական չէ շահարկել մարդկանց անունը՝ առանց ճանաչելու, առանց իրականությունն իմանալու: Ուղղակի ամոթ է. մարդկանց արժանիքները երբեք չի կարելի ստորադասել:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին