«Հրապարակ»-ը գրում է, որ մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու: Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչպես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրապես բացակայում էին, ինչպես, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Վերջինիս մանդատն անձամբ տարել է Աժ փոխխոսնակը: Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առիթով Մայր Աթոռում Գարեգին Բ-ի մատուցած պատարագից հետո, երբ վեհափառն իր օրհնած եկեղեցական դրոշն է հանձնել ԵԿՄ ղեկավարին, Շարմազանովը մանդատը փոխանցել է գեներալին:
Ի դեպ, գեներալ Սեյրան Սարոյանն էլ արդեն 20 օր է՝ Երուսաղեմում է: Կրկին սրվել են նրա առողջական խնդիրները, նա ոտքերի բուժման կուրս է ստանում Երուսաղեմում: Մի ուշագրավ փաստ ևս. Երկրապահի օրվա պատարագին ներկա է եղել նաև Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
«ԵԿՄ-ՎՊ սերը հավե՞րժ է» մեր հարցին ԵԿՄ-ից պատասխանեցին, որ Յոլյանը հին ԵԿՄ-ական է ու ջերմ հարաբերություններ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ էր, և ժամանակին նրա ու Գրիգորյանի հարաբերությունները շատ ջերմ էին, սակայն ամիսներ առաջ նա հրաժարվեց ԵԿՄ վարչության անդամությունից և գեներալի հետ այժմ գրեթե չի հարաբերվում»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում