▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկատան պատերից ներս. փոքրիկ աղջկա տխուր պատմությունը

Մանկատներից մեկում քույր ու եղբայր են ապրում, որոնց պարբերաբար այցելում եմ: Այսօր հենց իրենց պաշտպանության օրն է, նրանց պետք է պաշտպանել' մեզնից: Աղջիկն ասում է.
-Գալիս են, մեզ խղճում, կոնֆետ, խաղալիք տալիս, նկարվում մեզ հետ, անպայման խոստանում, որ էլի կգան ու գնում: Գիտե՞ս, իսկ ես բոլորին հիշում եմ, ով ինձ հետ նկարվել ա, կոնֆետ տվել: Իրենց անուններն էլ գիտեմ. չե՞ս հավատում: Գիտեմ, որ իրենք էլ չեն գալու մեզ մոտ, իսկ եթե գան էլ' մեզ առանձին-առանձին չեն ճանաչելու, բայց, մեկ ա, սպասում եմ նրանց. գիշերն այդպես լավ ա անցնում: Դու գիշերները չե՞ս երազում. կան բաներ, որ հաստատ գիտեմ, չեն լինելու, բայց երազում եմ, երազում ու ուրախանում: Ապերս իմ նման չի. ինքը մենակ մամայի մասին ա երազում, բայց ես մեծ եմ…
Բայց մաման մեզ կտանի' հենց բանտից դուրս գա: Շաբաթ, կիրակի օրերին մեր մոտ նաեւ մամաներ են գալիս. մենք միշտ սպասում էինք մամայիս… չէր գալիս… լացում էինք, որովհետեւ չէինք հասկանում, թե ի՞նչ ա բանտը ու ինչի՞ չի կարելի այնտեղից դուրս գալ' գոնե մի ժամով:
Ապերս մենակ ինձ ա լսում, գիտե՞ս: Որ ընկեր Արմինեն մի բան ա ասում ու չի կարողանում համոզել, գալիս ա ու ինձ խնդրում, որ ես ասեմ: Ապերս ինձ շատ ա սիրում. նենց կուզեի' գիշերը միասին քնեինք: Ինքն ամաչում ա, որ ես իրեն բոլորի մոտ սիրում եմ, պաչում, բայց որ տեսնում ա' մարդ չկա, գալիս ու փաթաթվում ա ինձ:
Ես մի հատ տուփ ունեմ, մեջը բաներ եմ հավաքում, որ մաման գա, ցույց տամ: Բայց ամեն տարի էդ տուփը էնքան ա լցվում, որ լիքը բաներ ստիպված թափում եմ: Իմ մամայի մազերն էլ ա խուճուճ' քոնի նման: Ուզում եմ մանիկյուր քսել, բայց չեն թողում, բայց մամաս կթողեր: Մյուս անգամ ինձ մանիկյուր կբերես, հա՞, սպիտակ: Կարող ա՞ ապերս չթողի քսեմ:
Ուզում եմ վարսավիր դառնալ, բայց ապերս պետք ա սովորի: Սկզբից ես մի քիչ շատ կաշխատեմ, որ ինքը սովորի, բայց հետո երկուսով կաշխատենք ու տուն կառնենք: Երեւի էդ ժամանակ արդեն մաման բանտից դուրս կգա ու միասին կապրենք:
Ոչ ոք չի լսում, որ ես դաշնամուր եմ նվագում. մենակ դու ես սիրում. ճիշտն ասա' լա՞վ եմ նվագում, թե ստից ես լսում /աղջիկը դաշնամուր նվագել չգիտի/:
Չմոռանաս, մի հատ էլ խնդրի ընկեր Արմինեին, կարող ա թողնի' մեզ տանես ման տալու:
Հ. Գ. Երեխաների մայրը դատապարտվել է ցմահ բանտարկության:

Կարինե Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին