Եվրախորհուրդը (ԵԽ) արձագանքել է մահապատժի վերականգնման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ խոսնակ Դանիել Հոլթգենը սոցցանցերում կատարած գրառման մեջ նշել է.
«Մահապատժի կիրառումը չի կարող համատեղվել ԵԽ անդամության հետ»: Նշենք, որ օրեր առաջ Անկարայում ճեպընթաց գնացքի կայարանի բացման ժամանակ հավաքված հասարակությունը վանկարկել էր «Մահապատիժ ենք ուզում» կարգախոսը: Դրան ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել էր. «Մոտ է, մոտ, մի անհանգստացեք: Ես հավատում եմ, որ մահապատժի նախագիծը մեջլիսում կհաստատվի:
Իսկ ես կվավերացնեմ այն»: Հավելենք նաև, որ մահապատժի վերականգնման վերաբերյալ Եվրախորհրդի մոտեցումը խորթ չէ նաև Եվրամիությանը (ԵՄ): Բրյուսելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը գնահատում է որպես «կարմիր գիծ»՝ եվրաինտեգրման բանակցություններում: ԵՄ տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հստակորեն նշել են, որ մահապատժի նորից կիրառումը կհանգեցնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը: Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984թ.: Իսկ 2002թ. եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում մահապատիժը երկրում օրենքով արգելվել է:
Աղբյուր` Ermenihaber