Մահացել է արցախյան ազատամարտի մասնակից, "Մոնումենտ" գնդի հրամանատար Վաչագան Մովսեսյանը /Մոնումենտի Վաչո/:
Վաչագան Մովսեսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների, անկախ Հայաստանի կայացման, հանրապետության եւ արցախի սահմանների պաշտպանության համար պարգեւատրվել է Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ մեդալներով, ինչպես նաեւ ստացել կառավարության եւ Երկրապահ Կամավորական Միության պատվոգրեր ու հուշամեդալներ:
Վաչագան Մովսեսյանը հայրենիքի այնպիսի նվիրյալներից էր, որ ջանք ու եռանդ չի խնայել երկրի բարեկեցության ապահովման համար:
Շուրջ 50 տարի նա զբաղվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների, մասնավորապես, Հաղթանակ զբոսայգու բարեկարգման եւ հարակից տարածքների զարգացման գործով: Վաչագան Մովսեսյանը դեռեւս չէր բոլորել 66 տարին, 4 զավակի հայր էր:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հուղարկավորությունը հոկտեմբերի 31-ին՝ Արաբկիր, այժմ Վահագն Դավթյան 29, 4-րդ տուն հասցեից: