ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։
Ցավալի լուրով կիսվել են նրա մտերիմները, որպես մահվան պատճառ նշվում է սրտի կաթվածը:
«Գրիշ ջաաաան, ինչքա՞ն բարձր պետք է գոռամ, որ լսես»,- գրել է Արման Աղաջանյանը: Գայանե Ասլամազյանին էլ է ցնցել ընկերոջ անժամանակ մահը. «Մի քանի օր առաջ էինք հանդիպել... Ախր ո՞նց, ինչի՞... Լույսերի մեջ մնաս»:
Գրիգորի Սեդրակյանը ընտանիքի հետ բնակվում էր Գլենդելում, «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիայի հիմնադիրն էր, Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահը։
Նա ծնվել էր Երեւանում, պարել սկսել Հովսեփ Շամամյանի խմբում, հետագայում` Մոսկվայում: Ներկայացրել է Հայաստանը պարի միջազգային առաջնություններում: 2002 թվականին Լիբանանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի հրավերով աշխատել է Բեյրությում, ապա՝ Թայվանում, Հոնկոնգում, Սերբիայում, Ռուսաստանում եւ այլուր: 2007-ին աշխատել է Լաս Վեգասի առաջատար «Le Reve» շոուի անձնակազմում՝ որպես բեմադրող, ինչպես նաեւ՝ երգչուհի Սելին Դիոնի ծրագրում: