▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Թարմացված․ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են բազմաթիվ ռուսաստանցիներ։ Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով: Նրանք ընդդիմադիրի մահվան համար մեղադրում են Ռուսաստանի ներկա իշխանություններին։ Անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը մոտենալ ցուցարարներին չհաջողվեց, նրանք շենքի դիմացի մայթում են։ Ցույցը խաղաղ ընթացք ունի:

Թարմացված․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Նավալնին խիզախորեն դիմադրեց կոռուպցիային և բռնապետությանը։ Անգամ բանտում նա շարունակեց լինել ճշմարտության, ազատության ձայնը։ Նրան թունավորելու փորձից հետո նա սպանվելու սպառնալիքով վերադարձավ Ռուսաստան՝ անհավանական քաջության դրսևորում։ Պուտինն է պատասխանատու Նավալնիի սպանության համար, սա Պուտինի դաժանության հերթական ապացույցն է, նա պատրաստ է սպանել ոչ միայն այլ երկրների քաղաքացիներին, այլ նաև իր քաղաքացիներին։

Նավալնին հավատում էր ազատությանը, օրենքի գերակայությանը Ռուսաստանում։ Նա բողոքեց Պուտինի ռազմական հանցագործությունների դեմ, նրա հրեշավոր պատերազմի դեմ։ Պատմությունը հետևում է մեզ, Ներկայացուցիչների պալատ. եթե մենք չաջակցենք Ուկրաինային, պատմությունը մեզ կդատապարտի։ Պետք չէ նախորդ նախագահի հետևից գնալ և թույլ տալ, որ Ռուսաստանն անի այն, ինչ ուզում է:

Պուտինը և ողջ աշխարհը պետք է իմանան, որ եթե նա հարձակվի ՆԱՏՕ-ի անդամի վրա, մենք կպաշտպանենք դաշինքի հողի յուրաքանչյուր թիզը։

Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Նավալնիի կնոջը և նրա ընտանիքին, ովքեր այսքան վիշտ են կրել։ Մենք չենք մոռանա Նավալնիին և նրա քաջությունը»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են նոր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։

Թարմացված․ Ավստրիայում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հայտարարության հետ, ով Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Ռուսաստանի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«Դեսպանատունը խիստ բողոք է հայտնել Ավստրիայի ԱԳՆ-ին»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, ուղղորդված նոտայում նշվում է նման տեսակի աղաղակող հռետորաբանության անընդունելիությունը։

Թարմացված․ Ուղղիչ գաղութում մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, հրաժարվել է ընդունել ցավակցությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ չի հավատում որդու մահվանը։

«Ցավակցություններ չեմ ուզում լսել։ Մենք տեսանք մեր որդուն գաղութում [փետրվարի 12-ին], հանդիպել էինք: Նա ողջ էր, առողջ, կենսուրախ»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ Վլադիմիրի շրջանային դատարանը հայտնել էր, որ ընդդիմադիրը նախորդ օրը մասնակցել է Կովրովի քաղաքային դատարանի նիստերին և իրեն լավ է զգացել։ Նա հանդիպումներին մասնակցել է տեսակապով։

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» թիվ 3 ուղղիչ գաղութում։ Զբոսանքից հետո նա վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Ընդդիմադիրի մահվան պատճառը, նախնական տվյալներով, պոկված թրոմբն է եղել։ Նշվում է, որ բժիշկները փորձել են վերակենդանացնել Նավալնիին, սակայն չեն կարողացել։

Միևնույն ժամանակ, ըստ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանի, որը բուժել է քաղաքական գործչին 2020 թվականի օգոստոսին, «թրոմբոէմբոլիզմի» ախտորոշումը, որ Նավալնիին տրվել է FSIN-ում, չարտոնված է և կարող է հաստատվել միայն դիահերձման արդյունքների հիման վրա։ Նա բացատրել է, որ զննել է ընդդիմադիրին և նրա մոտ թրոմբոէմբոլիայի վտանգ չի հայտնաբերել։

Թարմացված․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն համարում է, որ ռուսական ռեժիմը պատասխանատվություն է կրում Ալեքսեյ Նավալնու ողբերգական մահվան համար:

«Ալեքսեյ Նավալնին պայքարում էր ազատության և ժողովրդավարության արժեքների համար: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և նրանց, ովքեր ամենամութ պայմաններում պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում: Մարտիկները մահանում են: Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- ասել է Շառլ Միշելը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Թարմացված․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին լուրին: «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին: Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը, ինչպես այլ հազարավորների: Պուտինի համար միևնույնն է՝ ով է մահանում, միայն թե ինքը պահի իր դիրքերը: Պուտինը պետք է պարտվի, ամեն ինչ կորցնի և պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար»,- ասել է Զելենսկին:

***

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։

Վարչության տվյալներով՝ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է զբոսանքից հետո:

«Իրականացվել են վերակենդանացման անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թարմացված․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահին զեկուցել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին:

«Այժմ նախագահը Չելյաբինսկում է, սակայն կատարվածի մասին նրան զեկուցել են»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Թարմացված․ Ռուսաստանը պետք է լուրջ հարցերի պատասխանի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ մեկնաբանելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին լուրը:

«Նավալնու մահվան բոլոր փաստերը պետք է պարզվեն»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Թարմացված․ Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ անսիրտ մարդ դուրս եկավ Պուտինը։ Կարող էր չէ երկու անգամ համաներում կիրառել ու Նավալնին հայտնվեր ազատության մեջ, հետո փեսու փողերով թերթ պահեր Նավալնու համար, հետո դարձներ Դումայի պատգամավոր ու էդպես շարունակ։ Բայց չէ՝ մարդակերի պես հոշոտեց տղային։ Ցավակցում եմ հարազատներին և գաղափարակիցներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին