Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta.ru կայքին և անդրադարձել է Ռուսաստանի հետ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և վերջինիս լուծման ուղիներին։
«1994 թվականին եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց: Ցավոք՝ 1994 թվականից ի վեր Բաքուն տորպեդահարում է խաղաղ գործընթացը: Ավելին, հետեւողականորեն խափանվում են հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու՝ միջազգային հանրության բոլոր փորձերը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ եւ պարտություն կրեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կանխավարկածի վրա: Միաժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների համար շահեկան չէ հակամարտության հնարավոր սրումը: Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ Երեւանը ստիպված կլինի ներգրավվել հակամարտությունում, եթե դա տեղի ունենա: Հասկանալի է նաեւ, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,- հայտարարել է նախարարը: