Տարածաշրջանի այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում։ Այս մասին «Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, գլուխը հանած, ինչպես ասում ենք, մազերի վրա չեն լացում։ Տվյալ դեպքում, անցյալ տարվա երկրորդ կեսից, դեպի Արևմուտք շրջադարձին զուգահեռ, վեկտորը փոխելու նպատակով, Փաշինյանը և իր թիմը, ի սկզբանե, ճանաչել են 90-ականների Ալմա-Աթայի հռչակագրի առաջնահերթությունը, ըստ որի, միութենական հանրապետությունները ճանաչված են իրենց սահմաններում։ Ընդ որում, առանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ վերապահում անելու։ Անգամ այնպիսի, որոնք այս ամբողջ ընթացքում, երկար տասնամյակներ, եղել են Մինսկի խմբի միջնորդների աշխատանքի պատճառը։
Կարծում եմ, որ Ադրբեջանը չի նկատի երաշխիքների մասին այդ հայտարարությունները։ Լավագույն դեպքում, կձևացնի, թե պատրաստվում է հայ բնակչության հետ պահպանել պարկեշտության ինչ-որ նորմեր։ Բայց տեսակետն արդեն արտահայտված է՝ հայերը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն։ Եթե չընդունեն, պետք է հեռանան այդ տարածքից։ Ոչ ոք չի արգելում որևէ պետության քարոզել իր քաղաքացիությունը, բայց առաջարկը՝ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դուրս գալ այն տարածքից, որտեղ ապրել են ձեր նախնիները, ոչ այլ ինչ է, քան տեղահանություն։ Եվ, այս առումով, պատրանքներ չկան, ինձ թվում է։ Եվ հենց իրենց՝ Լեռնային Ղարաբաղի հայերի մեջ նույնպես։
Կարծում եմ, որ պարոն Փաշինյանի այս հայտարարությունը կընդունվի առաջին մասում, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ երկրորդում՝ կանտեսվի։ Այն մասում, որտեղ նա խոսում է իրավունքները հարգելու անհրաժեշտության և մնացած ամեն ինչի մասին։ Պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, առաջին հերթին ինքնորոշման իրավունքը, այդպիսով մերժվում են: Չնայած, նույնիսկ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր։ Այժմ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մասին խոսք չկա։ Համենայն դեպս, Ադրբեջանի կողմից»,- ասել է Զատուլինը։