«Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի սիրտն այլևս զբաղված է: Ավելին, գեղեցկուհին վերջերս նշանվել է. այս մասին հայտնում է esyes.am-ը:
Լուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում` դահուկասահքի ժամանակ: «Ծաղկաձորում սարի վրա դահուկով սահելիս ենք հանդիպել: Ես էլ, ինքն էլ, սիրում ենք դահուկով սահել. իհարկե, ինքն ավելի լավ է սահում»,- ասել է Լուսինեն և ավելացրել, որ ընտրյալն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը:
Լուսինեի խոսքով` սիրելիից ամուսնության առաջարկություն ստացել է հենց առաջին հանդիպման ժամանակ, երբ հանդիպել են երևանյան ռեստորաններից մեկում: «Ասեմ, որ այդ մասին ոչինչ չգիտեի: Ամեն բան շատ յուրահատուկ և ռոմանտիկ էր կազմակերպված: Այդ օրն անհնարին է մոռանալ, որովհետև ինձ համար չսպասված էր, իսկ իր կողմից ամեն բան հաշվարկված ու պատրաստված էր՝ թե՛ երաժշտությունը, թե՛ վայրը»,- ավելացրել է Լուսինեն:
Առաջարկությունից հետո` ապրիլի 13-ին, երևանյան հայտնի ակումբներից մեկում զույգը ոչ ավանդական նշանադրություն է արել՝ մտերիմ մարդկանց նեղ շրջանակով:
Այժմ Լուսինեն և ընտրյալն ԱՄՆ-ում են և վայելում են իրենց հանգիստը, իսկ հարսանիքը ծրագրում են ամռանը: