▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Աղաբեկյանի 50.000 դոլարանոց տեսահոլովակն արդեն պատրաստ է

Օրեր առաջ տեղի է ունեցել երգչուհի Լուսիի (Լուսինե Աղաբեկյան) «Հիմա» տեսահոլովակի երկար սպասված պրեմիերան: Էլեկտրոնային և հաուս ոճի  «Հիմա» երգը հնչելու է երկու տարբերակով` հայերեն և անգլերեն: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, ով  նաև գրել է հայերեն խոսքերը, իսկ անգլերենի դեպքում դրանք պատկանում են Նիկ Եգիբյանի գրչին:

Asekose.am-ի թղթակիցը կապվել է «Հիմա» երգի տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի (Արամայիսը նաև Լուսինեի ամուսինն է) հետ և առաջին հերթին հետաքրքրվել, թե ինչո՞ւ են տվյալ տեսահոլովակի նկարահանումները երկու տարուց ավել տևել: Արամայիսի խոսքով` միայն վեց ամիս տևել են նախապատրաստական աշխատանքները` այդ թվում տաղավարների, դեկորների և զգեստների պատրաստումը.

«Նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ չէին կարող լինել, որովհետև դրանք շատ ծավալուն էին: Վեց ամսից հետո մեկ տարի նկարահանումներն են տևել, այն դեպքում, որ մեզ մոտ կան ամառային և ձմեռային տեսարաններ, այսինքն` դրանք չէինք կարող անմիջապես նկարահանել: Հետո էլ արդեն սկսվեցին տեսահոլովակի գրաֆիկական աշխատանքները, ինչը տեղի է ունեցել մոտ մեկ տարի և երեք ամիս: Շատ բարդ աշխատանք էր, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ էին փոփոխվում, որպեսզի վերջանականում ունենայինք մաքսիմալ լավ արդյունք: Իրականում նմանատիպ գրաֆիկայով և սցենարով որևէ բան նկարահանելու համար երկու տարուց ավել ժամանակ է պահանջվում»:

Իսկ մեր թղթակցի այն դիտարկմանը, որ երկու տարուց ավել մեկ տեսահոլովակի վրա աշխատելն արդյո՞ք ինքնանպատակ չէ, Արամայիսը պատասխանեց, որ այս ամենն իրենք առաջին հերթին արել են իրենց հաճույքի համար.

«Փորձել ենք տվյալ աշխատանքը մաքսիմալ լավ անել և գեղեցիկ ավարտի հասցնել: Իմ կարծիքով` դա մեզ մոտ ստացվել է, որովհետև պրեմիերայի օրը մարդկանց  արձագանքը լիովին այլ էր»:

Հարկ է նշել, որ բացի հաճույք ստանալուց նման տեսահոլովակ ունենալու համար պահանջվել է Հայաստանի համար հսկայական համարվող 50. 000 դոլար: Նշենք, որ ռեժիսորը դժվարացավ պատասխանել, արդյո՞ք «Հիմա»-ն հավակնում է Հայաստանի ամենաթանկ տեսահոլովակը համարվել.

«Այդքան գումարով Ռուսաստանում և այլ երկրներում են տեսահոլովակ նկարահանում,  իհարկե, ավելի բարձր գնով էլ են դա անում: Չեմ կարող ասել, որ սա Հայաստանում ամենաթանկն է, որովհետև չգիտեմ, թե էլ ինչ թանկ տեսահոլովակներ են այստեղ նկարահանվել»:

Asekose.am-ի թղթակիցը նաև հարց ուղղեց այն բանի վերաբերյալ` արդյո՞ք նման թանկ տեսահոլովակի  նկարահանումների համար հովանավորներ են գտնվել, թե ոչ.

«Ամեն ինչ ամբողջությամբ մենք ենք արել, այդ ընթացքում անընդհատ աշխատել և ներդրումներ ենք արել: Գումարն էլ միանգամից չենք ծախսել»:

Թեև օրեր առաջ տեղի է ունեցել «Հիմա» տեսահոլովակի պրեմիերան, սակայն այն հեռուստաեթերներում և համացանցում հայտնվելու է միայն 2015թվ.-ի հունվարին, քանի որ  ըստ ռեժիսորի` երգը որոշակի փոփոխման է ենթակա:

 Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին