▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան անձ չէ, երևույթ է. Արծրուն Պեպանյան

Լիսկան անձ չէ, երևույթ է:
Դրա փոքր, միջակ տեսակները կան բոլոր համայնքներում, քաղաքներում՝ ավելի շատ ու խոշոր:
Այ երևույթը ուղեկից է մեզ այն օրից, երբ ուրացանք Հայի կենսակերպը:

«Իսկ ահա թե ինչ է գրում Երևանի օկրուգային դատախազը. «Օր օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը, և կանգնեցվի ավերածությունը:

Կառավարությունը՝ որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար, և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց: Քանի որ միլիցիայի կազմը համալրված է պատահական մարդկանցով, պաշտոնյաները բացարձակապես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Նրանք ոչ միայն ի վիճակի չեն կատարելու իրենց ֆունկցիաները, այլև չեն հասկանում իրենց առջև դրված խնդիրները»: 

Ներքին գործերի նախարարի օգնականը Նախարարների խորհրդին ուղղված իր զեկուցագրում գրել է. «Ներքին գործերի նախարարությունը պետական իշխանության սյունն է երկրում, այն հենարանը, որին կռթնելու են մյուս նախարարությունները: Սակայն այդ հենարանը վերին աստիճանի թույլ է, ուստի և մեր պետական ապարատը ամբողջությամբ թույլ է գործում... Հանրապետության կազմակերպման հենց առաջին օրերից ներքին կյանքը գտնվում է վերին աստիճանի խառնակ վիճակում. հենց այս օրերս էլ Հանրապետության ներքին կյանքը նախանձելի չէ, որոշ տեղերում նույնիսկ անտանելի է քաղաքացիների համար: Մարդկանց ահագին բազմություն սպառազինված լավագույն զենքով ցրված է հանրապետության բոլոր անկյուններում: Չունենալով ոչ մի հաստատուն պարապմունք և, որ կարևոր է, բացարձակ հափշտակության և կողոպուտի միջոցով հարստանալը գերադասելով քրտնքոտ վաստակից՝ նրանք իրենց նվիրել են ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէ: Բարոյական ըմբռնումը ոչնչացել է արդեն: 

Շիրակի նահանգապետն իր անզորությունն է հայտնում իր նահանգում ավելի քան 6000 զինված անձանց դեմ: Էջմիածնի գավառում օրը ցերեկով նուխեցիները քանի անգամ հարձակվել են գնացքի վրա: Վերջին հարձակման ժամանակ սպանվեցին 41 մարդ, վիրավորվեցին 82-ը: Ի՞նչ է Զանգիբասարը: Ավարարիչ ուժերի մի կատաղի մրցում: Եվ մինչ այսօր այս արարքների համար ոչ ոք չի պատժվել, և նրանց հոգում ամրացել է այն համոզումը, թե Հայաստանում կան որոշ մարդիկ, որոնք թալանի, կողոպուտի ու սպանության համար չեն պատժվում: Վաղարշապատ քաղաքը, գտնվելով ահաբեկման տակ, ստիպված է եղել քաղաքի վարչության ցանքսերի ապահովությունը դնել մի ամոթաբեր պայմանով: Նուխեցի Արշակին տրվել է ամսական 35 հազար ռուբլի դրամ և ամբողջ բերքի 10 տոկոսը: Իսկ Արշակը վարձել է 4 բանվոր այդ գործի համար, որովհետև ապահովության գրավականը նրա անունն է, այլ ոչ թե պահակների թիվը: Երկրի կյանքը վրդովող երկրորդ հանգամանքը գաղտնի ավազակախմբերի գոյությունն է: Սրանք կազմված են գլխավորապես բնիկ տարրերից, որոնք դարանամուտ են լինում գլխավորապես ճանապարհների վրա և զուտ կողոպուտի նպատակով սպանում են ճամփորդներին և թալանում: Հայաստանի բոլոր մասերում այդ երևույթը նկատվում է: 

Օրինակները կարելի է երկարացնել: Սակայն այդ ավելորդ է: Դրությունը շատ պարզ է: Երկիրը լիքն է բանդող քայքայող տարրերով»:

Ասվածին հավելենք Քարվանսարայի զեմստվոյի վարչության նախագահի խոսքը. «Թալանը գավառում կրում է զանգվածային բնույթ, գյուղացիների ընկճվածությունը հասել է աներևակայելի չափերի»:

Ա. Պեպանյան, «Խորհելու ժամանակը», 2003թ.

Հ.Գ. Երևույթի դեմ երևույթով են պայքարում:

 

Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին