▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիսկա» տեսակը` որպես պետականության մոլախոտ

Գորիսում տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպից կարճ ժամանակ է անցել: Այս ընթացքում, դեպքի եղելության հետ կապված բազմաթիվ տեսակետներ հնչեցին, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին:

Արդեն առիթ եղել է նշելու, որ հասարակությունը չպետք է սահմանափակի իր պայքարն առանձին դրվագներով, քանզի Սյունիքի մարզպետն իր տեսակի մեջ եզակի չէ: Նոր բացահայտում արած չեմ լինի, եթե նշեմ, որ լրագրողները գրեթե ամեն օր շփվում են այնպիսի պաշտոնյաների ու գործարարների հետ, ովքեր «պոտենցիալ Լիսկա» են ու ցանկացած պահի կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Գորիսում:
Այս տեսանկյունից ևս, վերլուծելով հիմնական իրադարձությունները, պետք է ֆիքսենք, որ Գորիսի դեպքերի լիարժեք բացահայտումն ու մեղավորներին համաչափ պատասխանատվության ենթարկումը կանխարգելիչ նշանակություն կունենա նմանատիպ դեպքերի բացառման համար:
Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն մինչև վերջ հասցնել այս միջադեպի գործով քննությունն ու խստորեն պատժել հանցագործներին, այլև խոշորացույցի ներքո պահել այն անձնանց, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում աչքի են ընկել նմանատիպ վարքով, իսկ այդպիսի մարդիկ քիչ չեն:

Առանց այդ տեսակի դեմ արդյունավետ պայքարի, դժվար է խոսել Հայաստանի ապագայի մասին, քանզի դրանք, ինչպես մոլախոտերը, «փաթաթվել» են մեր պետականության հիմքերին: Եթե դրանցից չազատվենք, անհնար է խոսել անպատժելիության մթնոլորտի իսպառ վերացման ու սոցիական արդարության հաստատման մասին: 

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին